Ռուսաստանում Բագրատ Սրբազանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Գառնիկ Դանիելյան

«Ամիսներ առաջ Բագրատ Սրբազանն առողջական խնդիրներ ուներ,  «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում էր ստացել, դրանից հետո էլի խնդիրներ էին առաջացել, և արտասահմանում, մասնավորապես Ռուսաստանում, բուժզննում անցնելու կարիք կար»,- 24news-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքար» շարժման ակտիվ անդամ Գառնիկ Դանիելյանը:

Նա նշել է, որ ՌԴ-ում Սրբազանն այցելել է եկեղեցի, մեր հավատավոր հայրենակիցների հետ հանդիպում է տեղի ունեցել, և դրանում արտառոց բան չպետք է փնտրել։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ռուսական քաղաքական շրջանակների հետ է հանդիպել և այնտեղից է փորձում աջակցություն ստանալ, Գառնիկ Դանիելյանն ասել է. «Ես նման ինֆորմացիա չունեմ, թե ինչ հանդիպումներ է ունեցել: Բայց այս իշխանություններն անընդհատ ինչ-որ ստահոդ լուրերով փորձում են մարդկանց ապակողմնորոշել: Նույն հաջողությամբ Սրբազան հայրը ամիսներ առաջ Իրանում է եղել, Կանադայում է հետո եղել, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում»:

Նա նշել է, որ ՌԴ-ում կա շատ մեծ համայնք, որը կարևոր  դերակատարում ունի Հայաստանի համար, և այնտեղ լուրջ մարդիկ ունենք, որոնք այդ պետության մեջ կարևոր դերակատարություն ունեն:

«Սփյուռքի հետ կապը խզվել է, և կապ չունի մեր հայրենակիցները որտեղ են, այդ մարդիկ պետք է ակտիվ կապը պահեն մեր երկրի հետ և մեր երկրի լոբբինգը անեն տվյալ երկրում: Ճիշտը դա է»,- ասել է նա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am