Երևանում Շուշիի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես կբացվի

Նոյեմբերի 10-ին Երևանում «Պիցրանանք Շուշի» (Բարձրանանք Շուշի) խորագրով լուսանկարների ցուցահանդես կբացվի, հայտնում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը։

Ըստ կազմակերպիչների՝ ցուցահանդեսին ներկայացվելու է շուշեցի Վլադիմիր Գևորգյանի 45 լուսանկար։ «Լուսանկարները Ձեզ կփոխանցեն հավերժական քաղաքի հոգևոր լույսը, ջերմությունն ու մշակութային պատկերը։ Եկեք միասին բարձրանանք Շուշի։ Բարձրանանք հոգով ու մտքով` մի օր իրականում նորից բարձրանալու անմար նպատակով»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ։ Սկիզբը՝ ժամը 18։00-ին, ՀԲԸՄ ցուցասրահում (Մելիք Ադամյան 2/2)։

Armenia Today