Իսրայելի հարվածները Լիբանանին. անցած մեկ օրում մոտ 40 մարդ է զոհվել

Վերջին մեկ օրում Լիբանանի ուղղությամբ Իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 37-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնին։

«Անցած օրվա ընթացքում իսրայելական ագրեսիայի զոհ է դարձել 37 մարդ, 105 – ը վիրավորվել են», – ասվում է հայտարարության մեջ:

Այսպիսով, Լիբանանին իսրայելական ռմբակոծությունների մեկնարկից ի վեր զոհված քաղաքացիների թիվը հասել է 3 050-ի, վիրավորվել է 13 658 մարդ:

Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:

Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:

Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:

Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։

Sputnik Արմենիա