«ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ» . Ո՞Վ Է ԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԲԱՑԻ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱՂՋԻԿՆԵՐԻՑ

Նոյեմբերի 2-ին լրատվամիջոցները հաղորդագրություն հրապարակեցին Հունգարիայում արցախցի դպրոցականների «արկածների» մասին: Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերին այդ երկիր արցախցի շուրջ 1000 փախստական երեխաների հանգստի մեկնելու մասին լուրը բուռն քննարկումներ հարուցեց սոցցանցերում։

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ԵՐԿԻՐ ԿԱ, ԲԱՅՑ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ուղարկում են Եվրոպայի ամենաթուրքամետ ու ադրբեջանամետ երկիր»,- այն ժամանակ գրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, դիմելով Արցախի իշխանություններին և երեխաների ծնողներին՝ այդ «նախագծի» խորքային պատճառների ու նման հանգստի հետևանքների մասին մտածելու կոչով։

«ԳԱ»-ն նույնպես անդրադարձել էր այս թեմային՝ «Ո՞վ է ֆինանսավորում արցախցի երեխաների հանգիստն այն երկրում, որն աջակցել է նրանց Հայրենիքի բռնազավթմանը» վերնագրով հոդվածով։

Մասնավորապես, մենք ընդգծել էինք, որ Բուդապեշտի թիկունքում, անկասկած, կանգնած է Բաքուն, որն էլ ֆինանսավորում է ծրագիրը՝ հետապնդելով միանգամայն որոշակի և հեռուն գնացող քաղաքական նպատակներ։ Եվ կոչ էինք արել անհապաղ դադարեցնել այդ վտանգավոր փորձարարությունը մեկ տարի առաջ աներևակայելի զրկանքներ ու սարսափելի ստրես ապրած դեռահասների նկատմամբ ։ Նախազգուշացնող հայտարարությամբ հանդես եկավ Արցախի օմբուդսմենը, մի քանի ծնողներ սոցցանցերում հայտնեցին, որ հրաժարվել են ուղարկել իրենց երեխաներին, բայց այդքանով ամեն ինչ սահմանափակվեց:

Եվ ահա 2 ամիս անց հաղորդագրություն է հայտնվում այն մասին, որ Ծմակահող գյուղի երկու դպրոցականներ՝ 12 և 14 տարեկան, հոգեբանական բռնության են ենթարկվել համադասարանցիների կողմից՝ հունգարերենի վատ իմացության պատճառով։ Արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն այսպես է նկարագրել իրավիճակը:

«Դասաժամերից հետո տարբեր դասարաններում սովորող արցախցի աշակերտները իրենց դասարանի բոլոր տղաներին (շուրջ 14 աշակերտների), ինչպես ասում են, լավ «դաս» են տվել։ Արդյունքում հայտնվել են ոստիկանությունում, զրկվել ուսումից, իսկ ծնողները ենթարկվել են տուգանքի։ Բուդապեշտի դատարանը, քննելով ծնողների բողոքը, քաղաքապետարանի որոշումը անօրինական է ճանաչել։ Արցախցի երեխաներին աջակցել են ազգությամբ ուկրաինացի աղջիկները»։

Դա, իհարկե, լավ է, որ դեռահասները կարողացել են պաշտպանել իրենց, և որ դատարանն անօրինական է համարել ուսումից զրկելու որոշումը: Եվ լավ է, որ գոնե ինչ-որ մեկը՝ ի դեմս ուկրաինացի աղջիկների, աջակցել է արցախցի դպրոցականներին։ Սակայն իրականում հաղորդագրությունը ծնում է անհամեմատ ավելի մեծ թվով «վատ» հարցեր:

ՆԱԽ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՌ ԱՅՍՕՐ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ: Հիշեցնենք, որ ի սկզբանե սեպտեմբերի 11-ի հաղորդագրության մեջ ասվում էր, որ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն և ՀՀ աշխատանքի նախարար Նարեկ Մկրտչյանը պայմանավորվել են արցախցի ընտանիքների շուրջ 1000 երեխաների հանգիստն ամառային ճամբարում կազմակերպելու շուրջ: Արդեն այն ժամանակ տարօրինակ թվաց, որ ամառային հանգստի մասին պայմանավորվում են սեպտեմբերին, այն էլ, ըստ էության, կատարված փաստից հետո, քանզի պարզվեց, որ դեռևս օգոստոսին 120 դեռահասներ արդեն եղել են այդ երկրում։

Իսկ հիմա ստացվում է, որ խոսքը ոչ թե ամառային ճամբարի, այլ փաստորեն հունգարական դպրոցներում ուսման մասին էր։ Պարզվում է նաև, որ երեխաներն այնտեղ են գնացել ծնողների հետ (բոլորը, թե մի մասը՝ անհասկանալի է)։ Ամենագլխավորն այն է, որ դպրոցականների նկատմամբ հոգեբանական բռնության, ոստիկանությունում նրանց հայտնվելու, տուգանքի ենթարկվելու, դպրոցից հեռացման եզրին լինելու, այնուհետ նրանց իրավունքները պաշտպանած դատավարության մասին մենք չէինք իմանա, եթե չհաղորդեր փաստաբանը։

Իսկ ՀՀ ԱԳՆ-ը, Աշխատանքի նախարարությունը՝ պայմանավորվածությունը ստորագրած Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ. նրանք ընդհանրապես տեղյա՞կ են ողջ այս տգեղ պատմության մասին։ Հասկանալի է, որ նույն այդ նախարար Մկրտչյանն այժմ գլխովին զբաղված է իր ընտանեկան բիզնեսի շուրջ բռնկված կոռուպցիոն սկանդալով, բայց պաշտոնական փաստաթղթի տակ ստորագրելը, անշուշտ, նրա վրա որոշակի պատասխանատվություն է դնում «նախագծի» իրականացման համար։ Իսկ Հունգարիայում ՀՀ դեսպանը (ճիշտ է՝ Թբիլիսիում նստավայրով, բայց այնուամենայնիվ դեսպանը) տեղյա՞կ է կատարվածի մասին:

Թեպետ, այս հարցերն, իհարկե, զուտ հռետորական են. ի վերջո, փաշինյանական ՔՊ-ից ո՞վ է գոնե մի ինչ-որ պատասխանատվություն կրել իր գործողությունների համար, որ դա անի Մկրտչյանը։ Եվ այդ որտե՞ղ է լսված, որ Միրզոյանի ԱԳՆ-ը զբաղվի արտասահմանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։

Իսկ չէ՞ որ խոսքը ոչ միայն արցախցի երեխաների մասին է, որոնք 4 տարի առաջ հրեշավոր պատերազմ են տեսել, հետո գրեթե մեկ տարի ապրել սարսափելի շրջափակման մեջ, իսկ հետո վերապրել ադրբեջանական ռազմամեքենայի ևս մեկ ագրեսիա և Հայրենիքից բռնի տեղահանման սաստիկ ստրես։ Խոսքը Հայաստանի Հանրապետության անչափահաս քաղաքացիների մասին է, ընդ որում՝ նշյալ պատճառներով առանձնակի խոցելի խմբի։

Բավական չէ, որ հանցավոր ռեժիմը պատրաստակամորեն համաձայնում է ուղարկել դեռահասներին իրենց հայրենազրկած Ադրբեջանի դաշնակից երկիր, որի նախագահը շնորհավորել է դահիճ Ալիևին «ԼՂ տարածաշրջանը Բաքվի վերահսկողությանը վերադարձնելու» կապակցությամբ և այցելել բռնազավթված Շուշի։ Ի լրումն, այդ երկրում նրանք հայտնվում են փաստացի անպաշտպան վիճակում՝ առանց որևէ վերահսկողության և առանց իրենց պետության մասնակցության ու պաշտպանության այն իրավիճակում, երբ ենթարկվում են հոգեբանական բռնության: Իսկ աջակցում են նրանց միայն ուկրաինացի աղջիկները։

Հետաքրքիր է, դեռ որքա՞ն է տևելու արցախցի երեխաների «հանգիստը» սեզոնի ավարտի պատճառով վաղուց փակված «ամառային ճամբարներում»: Եվ հոգեբանական բռնության, ոստիկանության ու դատարանի հետ կապված դեռ քանի՞ միջադեպ են նրանք ստիպված լինելու վերապրել «բարեկամ» Հունգարիայում, ուր նրանց ուղարկել են Հայաստանի վայ-իշխանությունները։ Եվ մի հարց էլ. Արցախի իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկին ընդհանրապես հետաքրքրո՞ւմ է այս խնդիրը։

Թե՞ այդ երեխաներն անտեր են։ Եվ եթե վաղը ՔՊ-ից մի որևէ հերթական մկրտչյան պայմանավորվածություն ստորագրի Թուրքիայում հայ երեխաների հանգստի մասին, ապա այնտե՞ղ էլ նրանց կուղարկեն առանց վարանելու։