Հանդիպման պայմանավորվածություն կա. Սոբհանին` Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու մասին
Հնդկաստան-Իրան-Հայաստան տրանսպորտային երթուղու գործարկման հարցով եռակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ հստակ պայմանավորվածություն կա, և դա բխում է երեք երկրների ժողովուրդների շահերից։ Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը ծրագրում են առևտրային երթուղի գործարկել իրանական «Չաբահար» նավահանգստի մասնակցությամբ, և երեք երկրների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում է նախատեսվում Իրանում։
«Կա պայմանավորվածություն, բայց պետք է աշխատենք ժամկետների ուղղությամբ»,- ասաց դեսպանը։
Սոբհանին նշեց, որ ոչինչ չի խանգարում նախագծի իրականացմանը։ Նրա խոսքով` այս տրանսպորտային միջանցքում Հայաստանը դիտարկվում է որպես Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող օղակ։
Հիշեցնենք, որ այդ երթուղով նախատեսվում է Պարսից ծոցի երկրներից ու Հնդկաստանից բեռնափոխադրումներ իրականացնել դեպի ԵՄ և ԵԱՏՄ։ Այսպես բեռները հնդկական «Մումբայ» նավահանգստից կարող են առաքվել «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով` Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև Վրաստան, այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ Վերին Լարսի անցակետով)։
Հայաստանով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։