COP-29-ի ֆոնին Բաքուն գերիներ ազատ կարձակի, բայց ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Սիրանուշ Սահակյան

Ես իրատեսական համարում եմ, որ որոշակի թվով գերիներ Բաքուն ազատ կարձակի COP-29-ը միջոցառման մեկնարկի համատեքստում, բայց որեւէ կերպ դրական կանխատեսում չունեմ, որ այս միջոցառումը կտարածվի Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Այս միջոցառման համատեքստում բազմաթիվ նախաձեռնություններ եղան հասարակական սեկտորի կողմից, միջազգային գործընկերների ներգրավվածությամբ եւ նրանք պահանջում են բոլոր 23 հայ պատանդների անհապաղ վերադարձ, եւ սա դիտարկում են նաեւ նախապայման միջոցառման մասնակցության։ Կոչեր եղան նաեւ միջազգային կառավարական կազմակերպությունների քաղաքական մարմինների կողմից։ Դրանք վերաբերում են ոչ միայն հայ գերիներին, այլ նաեւ Ադրբեջանում տարիներ շարունակ չլուծվող խնդիրներին, որոնց մեջ առանձահատուկ է քաղբանտարկյալների խնդիրը, թվաքանակը մեծանում է շուրջ 300-ը գերազանցող անձինք այս պահին ունեն քաղբանտարկյալների կարգավիճակ Ադրբեջանում։ Հասկանալի է, որ վարկանիշային ռիսկերի ներքո է գտնվում Ադրբեջանը եւ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի իր հեղինակությունը միջազգայնորեն պահպանելու նպատակով։

Այս անձինք կարեւոր դերակատարում ունեն Ադրբեջանի ձեռքերում տարբեր արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով։ Նրանց գործոնը դեռեւս շահարկվում է։ Քանի դեռ Ադրբեջանը նրանց ազատ արձակման առնչությամբ կարող է կորզել տարաբնույթ պահանջների բավարարում Հայաստանի իշխանություններից, միջազգային գործընկերներից, ազատ չի արձակի։ Իմ գնահատմամբ՝ այս միջոցառումը առավելապես վերաբերելու է 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով մարտական գործողություններին մասնակցած անձանց, եւ ինչու ոչ միգուցե 2020 թվականին գերեվարվածներին»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի կանխատեսմամբ՝ Հայաստանի իշխանությունները կմասնակցեն, եւ, նրա խոսքով, անտրամաբանական կլինի չմասնակցությունն այն պայմաններում, որ միջազգային գործընկերները համատարած բոյկոտ չեն իրականացրել, եւ Հայաստանի իշխանությունները քաղաքականապես աջակցել են Ադրբեջանին, որ COP-29-ը միջոցառումը հյուրընկալվի հենց Ադրբեջանում

«Մասնակցության պարագայում նաեւ սպասում ունենք, որ Հայաստանի պատվիրակությունը պետք է բարձրաձայնի չլուծված, խրթին խնդիրները, որոնք կան հայ-ադրբեջանական հարաբերություններում, եւ միջազգային հանրության ուշադրությունը զետեղի այդ խնդիրների վրա։ Այսինքն՝ մասնակցությունը պետք է լինի ոչ թե ֆիզիկական ներկայության կամ պասիվ լսողի դերում, այլ պրոակտիվ դերով»։

Հարցին՝ Հայաստանի իշխանությունները հակված է ո՞ր խմբի գերիների վերադարձին՝ Սահակյանն ասաց «Մարտական գործողություններին մասնակցած գերիների, որոնք քաղաքական գործունեություն չեն իրականացրել։ Այս առումով Հայաստանը չունի որեւէ դրդապատճառ հետեւողական չլինել նրանց վերադարձի հարցում։ Այլ բնույթի քննարկումներ կարող են ծավալվել Արցախի նախկին ղեկավարների մասով, քանի որ նրանք պայքարել են Արցախի ինքնորոշման իրավունքի համար, ունեցել են գործողությունների եւ Հայաստանի աջակցության առնչությամբ իրենց սպասումները, որոնք արդարացված չեն եղել։

Վերջին տարիներին նկատելի է եղել նաեւ տարաձայնությունները Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ, ուստի այստեղ քաղաքական կոմպոնենտ ունեցող խնդիրներ կան։ Գլոբալ առումով Հայաստանն ունի պոզիտիվ պարտավորություններ իր բոլոր քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ նրանց, ովքեր Արցախի պետականության կայացման հարցում ունեցել են մասնակցություն, եւ պարտավոր է դիվանագիտական, քաղաքական եւ իրավական ջանքեր գործադրել այս խնդրի լուծումն ապահովելու նպատակով»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am