Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն

Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Տեղեկությունը հայտնում է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները հրաժարական են տվել։ Ըստ այդմ, ավագանիում մեծամասնություն է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Հարությունյանն ընդգծել է, որ ավագանու առաջիկա նիստում իրենք չեն պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին։

«Քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Գյումրիում որոշողը գյումրեցին է, համայնքային իշխանություն ձևավորողը գյումրեցին է, և հենց գյումրեցին էլ պիտի որոշի, թե ով է լինելու Գյումրու հաջորդ համայնքապետը»,– գրել է ՔՊ խմբակցության ղեկավարը։

Նշենք, որ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց 2021 թ. նոյեմբերի 4-ին։ Ներկայում ՔՊ-ն իր թեկնածուն ունի` ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։

Sputnik Արմենիա