ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԵՄՔՈՎ ՔՊ

ՔՊ խմբակցության պատգամավորների և գործադիր իշխանության անդամների սկանդալային գիշերային նիստի, ապա նաև վարչության արտահերթ նիստի մանրամասների մասին արտահոսքերը ԶԼՄ-ներում կազմակերպվել են ոչ այլ կերպ, քան անձամբ Փաշինյանի նախաձեռնությամբ: Արտահոսքերն ունեին կոնկրետ նպատակ. հավանական ընտրողները պետք է իմանան, որ ՔՊ-ն պատրաստվում է համապետական ընտրությունների՝ ընտրողաբար բացառելով նրանց, ում ժողովուրդը չի սիրում, և ընտրացուցակի առանցքային հորիզոնականների համար ընտրելով ամենից արժանավորներին։

Փաշինյանն ուզում էր ցույց տալ, թե ցուցակը կազմվելու է՝ հաշվի առնելով շարքային քաղաքացիների ցանկությունները, որոնց, բնականաբար, դուր է եկել ՔՊ խմբակցության 40 պատգամավորների կամարտահայտությունը ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Անդրանիկ Քոչարյանի հեռացման օգտին։ Փաշինյանը ցույց տվեց, թե խորշելի կերպարների նկատմամբ ՔՊ ղեկավարության և շարքային անդամների վերաբերմունքը համընկնում է քաղաքականացված հանրության վերաբերմունքի հետ, որը չի սիրում Քոչարյանին, Հովիկ Աղազարյանին, Գագիկ Մելքոնյանին և այլոց:

Ինքը՝ Քոչարյանն իրեն թույլ տվեց բանավոր հարձակումներ գործել խոսնակ Ալեն Սիմոնյանի, ՔՊ խմբակցության պատգամավոր՝ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանի, խմբակցության նրա գործընկեր Միսակ Գաբրիելյանի, քաղաքապետ Տիգրան Ավինյանի և այլոց հասցեին։ Մի խոսքով, մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ։ Ի հաճույս Փաշինյանի՝ «մավրը» սարքեց 2016-ի 4-օրյա պատերազմի և 2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող երկու քննիչ հանձնաժողովների զեկույցները, իսկ հիմա նրան հասկացրեցին, որ հաջորդ գումարման խորհրդարանում ինքը չի լինելու։ Փաշինյանը չի ընդգրկի Քոչարյանին նախընտրական ցուցակում, իսկ եթե ընդգրկի, ապա բնավ ոչ անցողիկ տեղում։

Կազմակերպված արտահոսքերը վկայում են այն մասին, որ սև ցուցակում Քոչարյանի հարևանությամբ տեղ են գտել Գագիկ Մելքոնյանը, Հովիկ Աղազարյանը և Արփի Դավոյանը, նրանց ուղղված կոչեր հնչեցին՝ հրաժարվելու մանդատներից։ ՔՊ վերնախավում վերջերս գնալով ավելի հաճախ են միմյանց մեղադրում կոռուպցիայի և հովանավորչության մեջ։ Փաշինյանն ինքն է ձեռնարկել այդ մերկացուցիչ իրարանցումը, նա ուզում է թարմացնել ՔՊ-ի կազմը և ժողովրդին ցույց տալ մարդկային դեմքով իշխանական կուսակցություն։ Սակայն դժվար թե նրան հաջողվի արմատապես բարեփոխել իշխող վերնախավը, իշխանության որակն առաջվա պես պայմանավորված կլինի Փաշինյանի անձով, հետևաբար՝ կմնա պլինթուսից էլ ցածր նույն նշագծի վրա։

Բանսարկությունները լավ բանի չեն հանգեցնում, ՔՊ խմբակցության պատգամավորների ստորագրությունների հիման վրա արդարադատության նախարարի հրաժարականը դարձավ առաջին էշելոնի գլխավոր մաքրազտման խթան խորհրդարանական մրցավազքի նախաշեմին։ Փաշինյանն առաջիկա ընտրություններում ուզում է ցույց տալ ժողովրդին ՔՊ-ի այլ (ազնվացած) դեմք, այլ ոչ թե այն հավաքական երախը, որը լուտանքներ է տեղում երկրի գլխավոր ամբիոնից, թքում ու լցնում գրպանները, անկշտում իրենով անելով ամեն ինչ։

Փաշինյանը հասկացավ, որ թիմը կկործանի իրեն և որոշեց ղեկավար կազմի արմատական թարմացում անցկացնել՝ ՔՊ նախընտրական ցուցակում նոր, բարձրակիրթ կադրեր ներառելու հաշվին: Դրա համար նրան պետք է ցուցադրել հեռացող թիմը «իր ողջ շուքով», որպեսզի հավանական ընտրողները հասկանան, որ ՔՊ-ն ազատվում է խորշելի կերպարներից, որոնք հիմնավորապես «ցույց են տվել» իրենց ամեն տեսակի սկանդալներով՝ կոռուպցիոնից մինչև էպատաժային-խուլիգանական

Փաշինյանին հայտնի է, որ մտածող հանրությունը խորհրդարանական մեծամասնությանը վերաբերվում է ինչպես օրուելյան «անասնաֆերմայի» բնակիչներին, ուստի խորհրդարանական մրցավազքի մեկնարկին նա ցանկանում է համոզել ապագա ընտրողներին, թե խորշելի կերպարները չեն փոխադրվի պատգամավորական կորպուսի հաջորդ կազմ։ Ռեժիմի պարագլուխը գիտի, որ նույնիսկ 2018-ի «հեղափոխության» ամենահավատարիմ կողմնակիցները չեն քվեարկի ՔՊ-ի ցուցակի օգտին, որում կլինեն Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Հովիկ Աղազարյանը, Լուլուն և այլն։ Նա հասկանում է, որ ընտրողներին երաշխիքներ են պետք, որ այս և մյուս զզվեցրած տհաճ կերպարներին կփոխարինեն նոր դեմքեր։ Փաշինյանը կազմակերպեց արտահոսքը, որը պատմեց ՔՊ-ի ղեկավարության անառողջ վիճակի մասին շատ ավելի լավ, քան ցանկացած ցուցադրական ելույթ, իսկ ինքը վեր մնաց գզվռտոցից։

Սա պոպուլիստական քայլ էր, ռեժիմի պարագլուխը ձգտում է վերստեղծել հանրային վստահությունը, որը նրան բարձրացրեց իշխանության գագաթ 2018-ի գարնանը, այլ կերպ ասած՝ նոր ծուղակ է նախապատրաստում ընտրողների համար, ներշնչելով, թե ՔՊ-ն ազատվում է կոռուպցիայով ու սկանդալներով իրենց արատավորած մարդկանցից։ Փաշինյանը ձգտում է ապագա ընտրազանգվածին հասցնել այն միտքը, թե հաջորդ խորհրդարանում ՔՊ-ն ներկայացված կլինի նոր դեմքերով։ Իշխանության ներսում կոմպրոմատների պատերազմ է հասունանում, սակայն դժվար թե մերկացումները շոշափեն ամենավերին օղակինԻշխող վերնաշերտի պարագլուխը սովոր է բոլորին իր բռում պահել։ Դա ամենահուսալի միջոցն է՝ դրածոներից ցանկացածին ստիպելու հարկ եղած պահին այս կամ այն գործողությունն իրականացնել երկրի ու ժողովրդի շահերի դեմ, բայց իր՝ Փաշինյանի քաղաքականության հունի մեջ։ Խորհրդարանական մրցավազքը մեկնարկեց, մեծ շոուի առաջին գործողությունն արդեն կայացավ, շարունակությունը իրեն սպասեցնել չի տա