Իտալացի պատգամավորները COP29-ին ընդառաջ կոչ են արել ազատել հայ գերիներին

Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) նախօրեին ադրբեջանցի գործընկերներին կոչ են արել ազատել հայ գերիներին, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Նրանք հորդորել են որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության ազատել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, անհրաժեշտության դեպքում ապահովել նաև սեփական միջոցներով նրանց տուն վերադաձը։ Պատգամավորները շեշտել են, որ գերիների և պահվող անձանց ազատումը դրական ազդակ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համար և հետագայում լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի վրա։  

Նրանք հիշեցրել են, որ Իտալիան Բաքվի հետ ունի շատ լավ առևտրային և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում, «ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եվրոպական գործընկերների շարքին»։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակումից հետո։

Գերիների թվում Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։

Armenia Today