Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է, որ հայազգի ռեժիսորի ֆիլմը չի հայտնվել «Օսկարի» անվանակարգում Բաքվի ճնշման պատճառով

Թեև սեպտեմբեր ամսին «Իմ սիրելի երկիր» ֆիլմը, որի ռեժիսորը ծագումով հայ հորդանանցի Սարին Հայրապետյանն է, ընտրվել էր «Օսկարի» «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, սակայն «հաշվի առնելով, որ ֆիլմը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ադրբեջանական կողմի մտահոգություններն անմիջապես ներկայացվել են հորդանանյան կողմին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների՝ օկուպացված Արցախի մասին ֆիլմը Հորդանանի կողմից  «Օսկարի» անվանակարգից հանելու մասին հարցին։

«Հակառակ հայկական կողմի պնդման՝ այստեղ ճնշումների մասին խոսք լինել չի կարող։ Հորդանանի կինոհանձնաժողովի կողմից անկախ ընդունված որոշման արդյունքում է, որ ֆիլմը, ի վերջո, չի առաջադրվել Օսկարի անվանակարգում, իսկ ֆիլմի ցուցադրումը Հորդանանում կասեցվել է։ Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այս որոշումը»,- ասել է Հաջիզադեն՝ փաստացի հաստատելով ճնշումների փաստը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am