ՆԳՆ-ն սառեցնում է տեսանկարահանող սարքերի մասին աղմկահարույց նախագծի հետագա ընթացքը
ՀՀ ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։
Այս մասին հայտարարություն է տարածել նախարարությունը։
Հիշեցնենք՝ ըստ նախագծի՝ նախարարությունը պարտավորեցնում է խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և ընկերություններին տեսանկարահանման սարքեր տեղադրել իրենց օբյեկտներում և ՆԳՆ-ի համար ապահովել շուրջօրյա ռեժիմով հասանելիություն այդ սարքերին։ Դա մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ անձնական կյանքին միջամտելու փորձ է դիտվում։
ՆԳ նախարարությունը շեշտում է, որ նախագծերի մշակման նպատակը բացառապես հանրային անվտանգության արդի մարտահրավերներին դիմագրավելու գործում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների հնարավորությունների լիարժեք օգտագործումն է և, վերջնարդյունքում, հանրային անվտանգության միջավայրի էական բարելավումը։
«Նախագծերի քննարկումները ցույց են տալիս, որ թեև իրավական հարթությունում երաշխիքներն ամրագրված են, հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն։ ...Եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ»,-նշված է հայտարարության մեջ։
Հավելենք՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին։