Ադրբեջանցի բարձրաստիճան խորհրդարանականի նամակն առաջացրել է շվեյցարացի խորհրդարանականների զայրույթը
Հոկտեմբերի 15-ին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ էր ընդունել, որով պահանջում էր Շվեյցարիայի իշխանություններից կազմակերպել արցախահայերի վերադարձի շուրջ միջազգային համաժողով։ Դրանով շվեյցարացի խորհրդարանականները շարժել են պաշտոնական Բաքվի զայրույթը։
Հոկտեմբերի վերջին այդ նույն հանձաժողովի բոլոր անդամները անհատական նամակ են ստացել Ադրբեջանից, որով պատգամավոր Ռիզվան Նաբիևը պահանջում էր հանձնաժողովից հետ վերցնել հաստատված միջնորդությունը: Նաբիևն իր հայրենի երկրում «ադրբեջանա-շվեյցարական խորհրդարանական խմբի» նախագահն է։ «Ներկայացված միջնորդությունը սպառնում է խարխլել խաղաղ գործընթացը և անդառնալի վնաս հասցնել երկկողմ երկխոսությանը»,- գրում է Նաբիևը։
«Այս համատեքստում ես շտապ խնդրում եմ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին հետ կանչել այս միջնորդությունը»։ Շվեյցարացի խորհրդարանական Էրիխ Ֆոնտոբելը, ով աղմուկ բարձրացրած բանաձեւի հեղինակն է, թույլ չի տալիս իրեն վախեցնել եւ համոզված է, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ակնհայտորեն Ադրբեջանի ցավոտ տեղին է հարվածել։
«Շվեյցարիայի խորհրդարանը նման նախաձեռնությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատություն ունի՝ առանց արտաքին ճնշման ազդեցության: Ես պաշտպանում եմ Ղարաբաղի հայերի հայրենիք վերադառնալու իրավունքը և ապավինում եմ իրական խաղաղ գործընթացին։ Անհապաղ կազմակերպված խաղաղության համաժողովը վճռորոշ կլինի տարածաշրջանում կայունություն խթանելու գործում»,- ասել է Ֆոնտոբելը:
Իսկ Շվեյցարացի խորհրդարանական Նիկ Գուգերն արդեն բացասական փորձեր ունեցել է Ադրբեջանի կառավարության հետ։ Նամակը կարդալուց հետո պատգամավորը համոզվում է. «Սա անթույլատրելի է և իսկապես տհաճ նամակ՝ օտար խորհրդարանի վրա ազդելու լկտի փորձ»: Գուգգերը հույս ունի, որ Շվեյցարիայի գործադիրի ներկայացուցիչ, նախարար Ալբերտ Ռյոշտին հայկական հարցը կքննարկի Բաքվում կայանալիք կլիմայական կոնֆերանսում։
Խորհրդարանական Նիկոլաս Վալդերին նույնպես չի վախեցնում նամակը, սակայն ինքնիշխան պետության խորհրդարանականներին նման նամակներ ուղարկելու հանդգնությունը ապշեցուցիչ է. «Դա բավականին ոչ դիվանագիտական ձևակերպված միջամտություն է»: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ձախից աջ զայրացած են։
Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք դաշնային խորհրդական (նախարար) Ալբերտ Ռյոշտին և Շվեյցարիայի պատվիրակությունը կբարձրացնեն այս հարցը Բաքվում կայանալիք կլիմայական կոնֆերանսին։ Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ արձագանքելը հանձնաժողովի խնդիրն է: Ի պատասխան հարցմանը Բեռնում Ադրբեջանի դեսպանատունը գրել է. «Որպես խորհրդարանի անդամ և ադրբեջանա-շվեյցարական խորհրդարանական խմբի նախագահ՝ Ռիզվան Նաբիևն ի պաշտոնե իրավունք ունի դիմել այլ երկրների խորհրդարանականներին և ձևակերպել համապատասխան մտահոգություններն այնպես, ինչպես նա գտնում է նպատակահարմար: Նամակը համահունչ է ժողովրդավարական գործելակերպին և խոսքի ազատությանը:»
Հիշեցնենք, որ արդեն դեկտեմբերի նստաշրջանին Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) կքվեարկի արտաքին հարաբերությունների ընդունած բանաձեւ շուրջ, որով երկրի գործադիրից պահանջվում է մեկ տարվա ըմթացքում կազմակերպել Արցախահայերի վերադարձի շուրջ խաղաղության համաժողով։
Լուրեր Հայաստանից - NEWS.am