ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՋԻՆԸ ԼԻՆԵԼ. «Հայաքվե»
Առաջիկա ընտրությունները՝ հերթական, թե արտահերթ, կարող են լինել վերջինը Հայաստանի համար, եթե Փաշինյանը (ՀՀ վարչապետ – խմբ.) թույլ տա, որ դրանք ընդհանրապես անցկացվեն։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արամ Պետրոսյանը։
Նա չբացառեց, որ Փաշինյանը կարող է արտահերթ ընտրություններ անցկացնել հաջորդից երեք ամիս առաջ՝ մյուս քաղաքական ուժերին անակնկալի բերելու համար կամ կարող է ընդհանրապես թույլ չտալ դրանց անցկացումը։ Քաղաքական գործիչը հավելեց, որ ազգային ուժերը պետք է գիտակցեն այս ամենը և գործեն համաձայնեցված։
Նրա խոսքով, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունման նպատակը գործող իշխանության վերարտադրությունն է. «Ինչու՞ փոփոխությունները նախաձեռնվեցին ընտրություններից մեկ տարի առաջ։ Ինչո՞ւ է դա արվում հրատապ եւ օրինագիծն առաջին ընթերցմամբ օրենքի կոպիտ խախտումով է ընդունվում»,- հարցրեց Պետրոսյանը։ Նա հիշեցրեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հարցը դրել էր քվեարկության և, չհավաքելով օրինագծի ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, բարձրաձայն հայտարարել, որ բոլորը պետք է իրենց հեռախոսներից վեր նայեն, որից հետո կրկին քվեարկության կոչ արել։
«Այսպես չպետք է լինի։ Եթե տեխնիկական խնդիրներ լինեին, դա այլ բան կլիներ։ Բայց եթե խորհրդարանի նախագահի կամքով է օրենքը դրվում քվեարկության, դա նշանակում է, որ խնդիր է դրվել օրենքն ընդունել հենց այս տեսքով։ Միաժամանակ, հանրային ճնշման ազդեցության տակ իշխանությունները ստիպված եղան հանրային քննարկումներ անցկացնել, որոնց ընթացքում անգամ ԱՆ ներկայացուցիչն ընդունել է խնդիրների առկայությունը և օրինագիծը վերջնական տեսքի բերելու անհրաժեշտությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս փոփոխությունները չընդունվեն»,- ընդգծեց Պետրոսյանը։
«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչը խնդրահարույց համարեց այն, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեն նշում, թե ինչ մեխանիզմներ են գործելու, եթե պատերազմ սկսվի նախընտրական քարոզարշավի ժամանակ և արտակարգ դրություն հայտարարվի։ «Ուղղակի ասվում է, որ այդ հարցերը լուծելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այսինքն՝ 7 անդամից բաղկացած որոշակի մարմին է որոշելու երկրի ճակատագիրը։ Ո՞ր դեպքում ի՞նչ լիազորություններ են վերապահված ԿԸՀ-ին։ Թե՞ ԿԸՀ-ն ինքնակամություն է դրսեւորելու։ Սա անընդունելի է»,- ասաց նա։
Ընդդիմադիրը համոզմունք հայտնեց, որ եթե ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բավարար թվով ձայներ չհավաքի, ապա «Փաշինյանն իր ավագ եղբայրներին կխնդրի ներխուժել Հայաստան»։
«Չակասկածեք, որ ընտրական գործընթացը կասեցնելու համար նա պատրաստ կլինի նույնիսկ Հայաստանի մարզ նվիրել։ Նա գիտի, որ առանց իշխանության իր ֆիզիկական անվտանգությունը վտանգի տակ է»,- հավելեց նա:
Ըստ Արամ Պետրոսյանի՝ իշխանությունները վաղուց են սկսել նախընտրական քարոզարշավը, որն արդեն իսկ ձախողել են. «Այս փոփոխություններով ուզում են իրենց ապահովագրել, որպեսզի իրենց համար անկանխատեսելի ցանկացած իրավիճակում արտակարգ դրություն մտցնելու քողի տակ խուսափեն ընտրություններ անցկացնելուց։ Բացի այդ, իշխանություններին ձեռնտու է ընտրողների ցածր մասնակցությունը, քանի որ դա նրանց թույլ է տալիս արդյունավետորեն օգտագործել վարչական ռեսուրսները՝ հավաքելու անհրաժեշտ տոկոս ձայները»,- եզրափակեց քաղաքական գործիչը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am