ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍ-ՄԱՍ ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿԻՐԸ

Ուղիղ 3 տարի առաջ՝ 2021թ.նոյեմբերի 11-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նկատառումներ հնչեցրեց Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում ադրբեջանցիների մաքսակետի բացման վերաբերյալ։ Մեջբերենք նրա խոսքը բառացի, քանզի այն առանցքային օղակ դարձավ իշխանությունների կողմից հայկական տարածքների հանձնման գործընթացում։ «Ադրբեջանական կողմը մեզ դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում ճանապարհից օգտվելու համար, բնականաբար նաև՝ անձնագրերի ստուգում»։ 3 տարի առաջ ռեժիմի վերնաշերտը ձևացնում էր, թե ոչինչ չգիտի Ադրբեջանի ծրագրերի մասին։ Անմիջապես սկսեցին ասել, թե Երևանի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, հետևաբար ՀՀ քաղաքացիները չեն կարող իրենց անձնագրերով հատել սահմանը և այլն։

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԴ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ. «ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ պիտի ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական մաքսակետը Հայաստանի տարածքում չի»: Ոչինչ չի՞ հիշեցնում: Ճիշտ է, հենց այդ սոուսի տակ անցնող տարում ռեժիմի պարագլուխը Ադրբեջանին նվիրեց Տավուշի մարզի 4 գյուղեր։ Որպես խորապատկեր օգտագործելով հին երգն այն մասին, թե այդ գյուղերն իբր հայկական չեն։

Փաշինյանի վարկածով, ինքը հայկական տարածքներ չի հանձնել ադրբեջանցիներին, չէ ՞ որ Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը, ինչպես հետևում էր նրա խոսքերից, դա ադրբեջանական Էյվազլի գյուղն է։ Խորհրդարանի բարձր ամբիոնից Փաշինյանը հնչեցրեց Տավուշի 4 գյուղերի ադրբեջանական անվանումներ։ Այս առնչությամբ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը առաջարկեց հիշել, որ «Փաշինյանի բարբառով Արցախը Ադրբեջան է»։ Նոյեմբերի 1-ից հետո, երբ ուժի մեջ մտավ սահմանազատման կանոնակարգը, ծախված պարբերականները իբր պատահմամբ հիշեցին Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը…

«Կարող է հարց առաջանալ՝ հնարավո՞ր չէր բանակցել, որպեսզի Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ վերահսկողություն չլինի: Դա հնարավոր է, բայց գինը լինելու է միջանցքային տրամաբանությունը, ինչը մեզ համար անընդունելի է»,- նույն այդ ժամանակ՝ 2021 թվականի նոյեմբերին հայտարարեց Փաշինյանը։

Նշյալ իրադարձություններին նախորդեց զինված ադրբեջանցիների ներխուժումը Սև լճի և Իշխանասարի տարածք՝ 2021թ.մայիսի 12-ին: Ներխուժումը տեղի ունեցավ առանց գեթ մեկ կրակոցի։ Փաշինյանը գիտեր այդ մասին, հայկական ստորաբաժանումներին տրված չկրակելու հրամանը կարող էր բխել միայն նրանից։ Արդյունքում սողացող բռնազավթումը շոշափեց Հայաստանի երեք մարզերի տարածքներ։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին 5 ուղղություններով ագրեսիայից հետո ադրբեջանցիները վերահսկում են ինքնիշխան Հայաստանի ավելի քան 200 քառ.կմ տարածք։

Հիշեցնեմ, որ «միջանցքի«» մասին խոսակցությունները Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմից հաշված ամիսներ անց։ 2021թ.հունվարի 11-ին Մոսկվայում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումից գրեթե անմիջապես հետո, որի արդյունքում ստորագրվեց կոմունիկացիաների ապաշրջափակման մասին փաստաթուղթը, Ալիևը պահանջեց «միջանցքը»՝ Գորիս-Կապան ճանապարհով հայկական համարանիշներով մեքենաների անարգել երթևեկման թույլտվության դիմաց, իսկ մերժում ստանալով՝ փակեց ճանապարհը։ Ավելի ուշ նա սկսեց պնդել, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի նույն ռեժիմով, ինչ Լաչինի միջանցքը։ Դե, իսկ հետո սկսվեցին կեղծ բնապահպանների ակցիաները։

Այն ժամանակ ռեժիմի վերնաշերտը վճռականորեն հայտարարում էր, թե ինքնիշխան Հայաստանի տարածքը չի կարող սակարկության առարկա լինել։ Փաշինյանը բազմիցս վկայակոչել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, որում հայկական կողմին չի պարտադրվում «միջանցք» տրամադրել։ Փաստաթղթում «միջանցք» բառը հիշատակվում է 1 անգամ՝ կապված Լաչինի միջանցքի հետ։

Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ ՉՈՐ ՆՍՏՎԱԾՔՈՒՄ: Ունենք եզրահանգումներ. Փաշինյանը խոսում էր այն մասին, թե իրեն չեն կարողացել ներքաշել 2023թ.Արցախում զինված գործողությունների մեջ: Ինքը չի «զոհաբերել Հայաստանը հանուն Արցախի», մինչդեռ 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնումը հանգեցրեց դեկտեմբերի 18-ին Կովսականից և Սանասարից հայկական ստորաբաժանումների դուրսբերմանը: Փաշինյանն իրեն թույլ տվեց նույնիսկ կատակել կառավարության նիստում, թե իբր՝ այդ ինչ «Սանասար-Բաղդասար» է։ Նրա բարբառով այդ տարածքը կոչվում է «Զանգելան» և «Կուբաթլու»։ 2020թ. դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մեկնեց Գորիս և պահանջեց, որ հայկական ստորաբաժանումները հետ քաշվեն Գորիսից ու Մեղրիից՝ թողնելով Կովսականը (Զանգելան) և Կուբաթլուն (Սանասար), որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո շարունակում էին մնալ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ:

Սյունիքում տարածքների հանձնման արդյունքում Արավուսը, Որոտանը, Շուռնուխը և Կապանը վերածվել են սահմանամերձ համայնքների, իսկ Գորիս-Կապան մայրուղու առանձին հատվածներ անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Փաշինյանը շարունակում է մաս-մաս հանձնել երկիրը։

2021-ին Փաշինյանը հայտարարեց, որ չի պատերազմի Սև լճի 30 տոկոսի համար և հրաժարվեց Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածից՝ անվանելով Էյվազլի։  2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանցիների ագրեսիան հանգեցրեց ռազմավարական կարևոր նշանակության բոլոր բարձունքների բռնազավթմանը (մշտապես ձնածածկ հենց այն լեռնագագաթների, որտեղ, Փաշինյանի կարծիքով, մեզ ռազմական դիրքեր պետք չեն), իսկ 2023թ. Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց և բռնի տեղահանեց 120 հազար արցախահայերին։ 2024-ին Փաշինյանը ոչնչացրեց Տավուշի ամենահզոր ամրագոտին՝ չորս «ոչ հայկական» գյուղերն Ադրբեջանին հանձնելու ցուցանակի տակ։ Մայիսի 24-ին դադարեց գոյություն ունենալ Տավուշի սահմանի հզոր ամրագոտին, 3-րդ բանակային կորպուսը վերջնականապես լքեց 20-ից ավելի դիրքեր։ Հիմա ռեժիմի քարոզչամեքենան ասում է, թե Տավուշում ընդամենը «երուսուկես գյուղ» են հանձնել։

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտավ սահմանազատման կանոնակարգը, գործընթացի բնույթը 2023 թվականի ապրիլին դյուրըմբռնելիորեն ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հղում անելով Ալիևի այն հայտարարությանը, որ ինքը սեփական պատկերացումներն ունի սահմանազատման-սահմանագծման մասին և մտադիր է հետևել դրանց՝ անկախ ՀՀ կամքից:

«Տպավորությունս այն է, որ արդեն կան հատվածներ, որտեղ գործընթացն իրականացրել են, կան հատվածներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանն ունի իր պատկերացումները, իսկ դրանք սկսվում և ավարտվում են նրանով, որ Ադրբեջանի համար կան առաջնահերթություններ, դրանք կարևորագույն բարձունքներն են, որոնք մարտավարական և ռազմավարական նշանակություն կարող են ունենալ, և Ադրբեջանը հենց այս շրջանակներում է գործընթացն իրականացնում, անկախ նրանից՝ այդ բարձունքները ՀՀ տարածքում են, թե մեկ այլ»,-ընդգծեց պատգամավորը։ Ներկայումս ադրբեջանցիները զբաղեցնում են ռազմավարական նշանակության տասնյակ բարձունքներ Ջերմուկի շրջանում, Սիսիանի վարչական տարածքում, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սոթք-Կութ հատվածում և այլն:

Սահմանազատման կանոնակարգը ստորագրված է, СОР-29-ից հետո Ալիևը Փաշինյանին կտեղեկացնի հայկական տարածքի հաջորդ հանձնման մասին, իսկ Փաշինյանը շտապ ադրբեջանական անուն կհորինի դրա համար կամ, ինչն ավելի հավանական է, կխնդրի Ալիևին սպասել մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը…