Հիմա է ճիշտ պահը ճնշել Բաքվին, որ ազատ արձակի ռազմագերիներին, հետո բարդ է լինելու. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջոնում ընթացող COP 29-ի և ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին ընդառաջ երբ տարբեր միջազգային դերակատարներ դրական ազդանշաններ էին հղում կողմերի հնարավոր փոխըմբռնման շուրջ, Ադրբեջանը շարունակում է բարձրագույն մակարդակով շանտաժի և սպառնալիքի լեզվով խոսել Հայաստանի Հանրապետության հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին նախագիծը զեկուցելիս։

Նրա խոսքով՝ այն ոչ միայն ցույց է տալիս Ադրբեջանի անհանդուժողականության և ատելության քաղաքականությունը, այլև այն, որ այդ երկրի համար որպես հակամարտության կարգավորման հիմք շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը։

Աբրահամյանը շեշտեց, որ 2020 թվականի պատերազմը և դրանից հետո Հայաստանի սահմաններում և Արցախում 2023 թ. Ադրբեջանի ռազմական գործողությունները ցույց են տվել, որ Բաքվի իրական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերույթունների հաստատումն է, այլ Հայաստանի կենսական շահերի հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական և կայսերապաշտական նպատակների իրագործումը։

«Վերջին 4 տարիների Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը նաև ցույց է տվել, որ իրենց առավելապաշտական ծրագրերին հասնելու ճանապարհին, շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելուց բացի, Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվում է նաև գերեվարված անձանց, ռազմագերիների շահարկման թեման:

Սա այն դեպքում, որ համաձայն մարդասիրական իրավունքի հանրածանոթ նորմերի՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիները, գերիները ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո ենթակա էին անհապաղ վերադարձի:

Ես բնականաբար թեմային չեմ անդրադառնում ներքաղաքական՝ իշխանություն-ընդդիմություն խոսույթի տիրույթում, դրան տարբեր առիթներով անդրադարձել եմ. այս նախաձեռնությունն ուղղված է բացառապես դրսի լսարանին:

Ադրբեջանի կողմից արցահայության դեմ իրականացված հանցագործությունը էթնիկ զտման դասագրքային օրինակ է, իսկ այն, ամրագրված է Հայաստանի և COP29-ի մասնակից մի շարք պետությունների կողմից վավերացված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (Հռոմի ստատուտի) հոդված 7 (1) d -ով, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության տարր:

Ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետևանքով այս պահին, Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով, Բաքվի բանտերում են գտնվում 23 հայեր, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները:

Ուզում եմ Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնել, որ ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին:

Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, ինչպես պետության, այնպես էլ՝ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար, անվերապահորեն առաջացնում են միջազգային պատասխանատվություն՝ առանց վաղեմության ժամկետի:

Ի դեպ, միջազգային պրակտիկան նաև սահմանում է, որ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ նրանց միջև տեղի է ունեցել գերիների, ռազմագերիների վերադարձ, ավելին՝ դա համարվում է խաղաղության հասնելու առաջին քայլը:

Այս անկյունաքարային սկզբունքի կոպիտ խախտումը բերել է նրան, որ 2020-2024 ժամանակահատվածում, Ադրբեջան գերեվարված անձանց հարցն օգտագործել է Հայաստանից զիջումներ կորզելու և սեփական օրակարգի սպասարկման համար, ինչը բոլոր առումներով դատապարտելի է:

Այս ընթացքում բազմաթիվ երկրների խորհրդարանականներ բարձրացրել են իրենց ձայնը՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, ռազմագերիների։ Եվրոպական խորհրդարանը նույնիսկ առանձին ձևակերպումներով բանաձև է ընդունել՝ նաեւ այս խնդիրը ներառելով։

Այս տեսանկյունից, անչափ կարևոր եմ համարում COP29-ի անցկացման օրերին այս ֆորմատով անցկացվող քննարկումը մեր խորհրդարանում և կարծում եմ, որ խորհրդարանը ոչ միայն պետք է իր դիրքորոշումն արտահայտի, այլ միջազգային դերակատարների, կառույցների ուշադրությունը կենտրոնացնի մեր գերիների, ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ:

COP29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է և եթե հիմա պետությունն ակտիվ չգործի, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում, հետո ավելի դժվար է լինելու»,-ներկայացրեց Աբրահամյանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am