ՄՇՈՒՇԻ ՔՈՂԻ ՏԱԿ

Ա՜խ, այդ  ծովերի նախկին տիրակալը: Դժվար է չհարգել Անգլիան, որն աշխարհին տվել է այդքան մեծ թվով նշանավոր մարդիկ՝ քաղաքական գործիչներ, գրողներ, մարզիկներ... Երևի մշուշոտ կլիման է նպաստել. հայտնի բան է, որ հարավային մարդիկ ավելի ծույլ են, հյուսիսայինները՝ ավելի եռանդուն:

ԻՍԿ ԲԱՑԻ ԱՅԴ, ԾՈՎԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՏԻՐԱԿԱԼԸ ԱՇԽԱՐՀԻՆ ՏՎԵԼ Է բազմաթիվ նշանավոր լրտեսներ, որոնք երկու համաշխարհային պատերազմների ժամանակ պրոֆեսիոնալ և շատ հաջող պաշտպանել են իրենց երկրի շահերը: Բայց այ հիմա... Հիմա դժվար է դրական անվանել այն դերը, որը կատարում են բրիտանական լրտեսներն ու քաղաքական գործիչները համաշխարհային քաղաքականության մեջ: Ավելի շուտ՝ հակառակը, նախկին կայսրության նախկին փառքի հետևից ընկած՝ բացասական դեր են կատարում։

Թրամփի հաղթանակը որոշակի իրարանցում է առաջացրել միջազգային հարաբերություններում, թեև նա դեռ չի ստանձնել պաշտոնը: Իրարանցման գլխավոր թեման այն է, թե որքան հեռուն և որքան արագ է մտադիր գնալ Թրամփը՝ Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու իր նախընտրական խոստման կատարման գործընթացում, ինչին սպասում են մարդիկ աշխարհի ամենատարբեր անկյուններում, հուսալով, որ աշխարհը կրկին կդառնա ավելի անվտանգ և կվերադառնա զարգացման համեմատաբար կայուն առանցք:

Այն պայմանները, որոնց վրա կարող է հիմնվել խաղաղությունը, նույնպես հայտնի են։ Դեռևս 2022 թվականի մարտի վերջին Ստամբուլում մշակվել է կարգավորման ծրագիր, որը ենթադրում է Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակ և այն տարածքների ինքնիշխան ընտրություն, որոնց բնակիչները կողմ են արտահայտվել Ուկրաինայից զատվելուն։ Եվ կարծես թե աշխարհի առաջատար դերակատարները դա հասկանում են:

Ուկրաինայում պատերազմը կասեցնել՝ նշանակում է նախևառաջ կասեցնել տասնյակ հազարավոր մարդկանց մահը, և ամենքից առավել հենց Ուկրաինան ունի խաղաղության կարիքը։ Այլ հարց է, թե ինչ է նկատի առնվում «Ուկրաինա» ասելիս։ Չենք կարծում, թե այդ երկրի նախագահը փափագում է վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին։ Քանզի այդ դեպքում օրինաչափ հարց կառաջանա. եթե դու հիմա համաձայն ես ընդունել այդ պայմանավորվածությունները որպես կարգավորման հիմք, ապա ինչո՞ւ չարեցիր դա 2022 թվականի մարտի վերջին-ապրիլի սկզբին։ Երբ Ուկրաինայի զոհված քաղաքացիների թիվը դեռ վեցանիշ թիվ չէր կազմում: Ի՞նչ է, մեր Նիկոլի պես վախենում էր, որ իրեն դավաճա՞ն կանվանեն։ Թե՞ այն պատճառով, որ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը շտապ թռավ Կիև և համոզեց շարունակել պատերազմը։ Այդ մասին Ստամբուլի բանակցություններում բացահայտ վկայեց ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան։

Ահա այսպիսին է ծովերի նախկին տիրակալի դերը։ Հենց նա է ուկրաինական հակամարտության գլխավոր օգտատերը կամ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ շահառուն. թեպետ, ոչ միայն ուկրաինականի, քանզի Անգլիայի քաղաքականությունը աշխարհում Ռուսաստանի ազդեցությունն առավելագույնս սահմանափակելն է։ Ուրիշի ձեռքերով, իհարկե, ուրիշների շահերը զոհաբերելով: Լինի դա Ուկրաինան, թե Հայաստանը՝ Արցախի հետ միասին։

Որոշակի ժամանակից ի վեր Նիկոլի Արևմուտքին սիրահարված թիմակից Արամ Սարգսյանը վերջերս արձանագրեց, որ Արցախը Ադրբեջանին հանձնելու ողջ պատմության հիմքում ընկած էր Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու «գերխնդիրը»։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այդ խնդրի լուծումը հանձն առան արագ և առանց խղճի առանձնակի խայթի։ Վրացիներն ավելի իմաստուն գտնվեցին, չտրվեցին։ Նայեցին դատարկված Արցախին ու ասացին «ոչ»։ Որովհետև սիրում են իրենց երկիրը,  այլ ոչ թե պաշտոնները, որ զբաղեցնում են այնտեղ։

ԱՌԱՅԺՄ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ ԵՆԹԱԴՐԵԼՈՒ, ԹԵ ԼՈՆԴՈՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԹՐԱՄՓԻ ԽԱՂԱՂ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավելի շուտ՝ հակառակը, կփորձի խափանել դրանք։ Կարծում ենք, Լոնդոնում լրջորեն հիասթափված են ամերիկյան դեմոկրատների պարտությունից։

Եվ, ի դեպ, Բրիտանական գործոնո՞վ չէր արդյոք բացատրվում հայ «դեմոկրատների» վստահությունը Հարիսի հաղթանակի նկատմամբ։ Այնպես չէ, թե նույն Արամ Զավենիչն ու մյուսներն այնքան լավ էին պատկերացնում ԱՄՆ քաղաքական համակարգը, որ կտրական կանխատեսումներ անեին Հարիսի օգտին։ Նման վստահությունն ավելի շուտ գալիս էր «վերևից»՝ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական վերնաշերտի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գրասենյակի մատուցմամբ։ Իսկ վերջինիս վստահությունը, հավանաբար, բացատրվում էր բրիտանական հետախուզության տվյալներին ծոնոթանալու հնարավորությամբ։ Սակայն այս անգամ Ռիչարդ Մուրը սխալվեց, և Հայաստանի մեծ վերլուծաբանները՝ Արամ Զավենիչի գլխավորությամբ, որոնք վստահորեն կանխատեսում էին Հարիսի հաղթանակը, հիմար դրության մեջ ընկան

Հայաստանի պատմության մեջ ծովերի նախկին տիրակալի բացասական դերի մասին կարելի է երկար խոսել։ Այդ դերը բացասական էր նաև Առաջին Հանրապետության օրերին։ Բացասական է և այսօր։

Պատահական չէ, որ Լոնդոնը թերևս այն հազվագյուտ մայրաքաղաքն էր, որի հետ Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց նորմալ հարաբերություններ հաստատել իր կառավարման տարիներին։ Ավելին, մի անգլիացի դիվանագետ նույնիսկ ստիպված էր լքել Հայաստանը, երբ բռնվեց՝ ընտրական գործընթացների վրա ազդել փորձելիս:

Բայց այն, ինչը անգլիացիներին չհաջողվեց 2007-2008 թվականներին, առավել քան փոխհատուցվեց հետո, երբ իշխանության եկավ Փաշինյանը։ Հիշաչար են անգլիացիները, ու երևի պատահական չէ, որ Փաշինյանն իր կառավարումը սկսեց այդ պահի դրությամբ քաղաքականությունից հեռացած Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումով։ Եվ շարունակում է Փաշինյանն առ այսօր. Ռոբերտ Քոչարյանի հետապնդումը թերևս քաղաքական ամենահետևողական գիծն է նրա իշխանավարման 6 տարիների ընթացքում:

Պետք է ընդունել, որ ինչ-որ մի պահ անգլիացիներն իրենց խաղով գերազանցեցին հայկական քաղաքական էլիտային։ Այն աստիճան գերազանցեցին, որ Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ և շատ լավ յոլա էր գնում իր նախկին քննադատ Նիկոլի հետ, մինչև որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի նախօրեին անգլիացիներն իրենք հետ կանչեցին նրան Լոնդոն՝ շառից-փորձանքից հեռու։

Գերազանցեցին այն աստիճան, որ կյանքից անժամանակ ու ողբերգականորեն հեռացած ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը, Փաշինյանի իշխանության գալուց հետո հրաժարական տալով, գնաց Անգլիա՝ այնտեղ ինչ-որ բան սովորելու։ Գերազանցեցին այն աստիճան, որ այսօր Ռիչարդ Մուրը Հայաստանում իր գիծն է անցկացնում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի միջոցով։ Գերազանցեցին այն աստիճան, որ ՀՀ Սահմանադրական դատարանում էլ Լոնդոնն իր մարդիկ ունի։ Եվ ոչ միայն այնտեղ:

Իրերն իրենց անուններով կոչենք։ Զելենսկին ու Փաշինյանը նույն ծառի պտուղն են. նրանք զոհաբերեցին արյունաթոր Ուկրաինան և Արցախը, որպեսզի Լոնդոնը վերագտնի իր երբեմնի կայսերական փառքը։ Եվ այդ զոհերը մատուցվել են բնավ ոչ հանուն նրա, որ անգլիացիներն այսօր հեշտությամբ համաձայնեն Թրամփի խաղաղ ձգտումներին։ Դիմադրությունը կոշտ է լինելու, Լոնդոնը կփորձի ռևանշ վերցնել Հարիսի պարտության համար։ Առաջիկա կես տարին որոշիչ կլինի Ուկրաինայի և ոչ միայն Ուկրաինայի ճակատագրում։ Շատ բան կորոշվի այնտեղ՝ լոնդոնյան մշուշի քողի տակ։