Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանքը

Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր վերացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը։

«Խափանման միջոցը փոխվել է գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ ավելի վաղ արդեն իսկ վճարվել էր 2 միլիոն գրավ, երբ Վարդանյանի կալանք խափանման միջոցը փոխարինվում էր տնային կալանքով։ Հիմա ավելացվեց ևս 3 միլիոն ՀՀ դրամ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2025 թվականի հունվարի 15-ին։

Հիշեցնենք` հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։

Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։

Հոկտեմբերի 11-ին դատարանի որոշմամբ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով։