Բաքվում անտեսում են Միջազգային դատարանի որոշումները եւ սպառնում Հայաստանի դեմ նոր հայցերով
«Մենք կարծում ենք, որ ադրբեջանական կողմը կշարունակի Հայաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը ոչ միայն Միջազգային դատարանի, այլեւ արբիտրաժային գործընթացների շրջանակում»,- լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Այհան Հաջիզադեն։
Նա նշել է, որ այդ գործընթացը անընդհատ է, կտեւի մոտ 2-3 տարի, իսկ ճիշտ ժամկետը նշել չի կարող։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արդարության միջազգային դատարանի երեկվա որոշմանը։ Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր Ադրբեջանի ներկայացրած երկու առարկությունները Ադրբեջանի դեմ Հայաստանի գործով։ Դատարանը ընդունել էր երեք նախնական առարկություններից երկուսը Հայաստանի դեմ։
«Ադրբեջանը գրանցել է Միջազգային դատարանի 2024թ. նոյեմբերի 12-ի որոշումը նախնական առարկությունների մասին, որոնք ներկայացվել են Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձեւերի չեղարկման միջազգային կոնվենցիայի կիրառման գործով։ Միջազգային դատարանը ընդունել է որոշում Հայաստանի դեմ Ադրբեջանի միջազգային իրավական հայցերի գծով՝ կապված մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ՝ կատարված ադրբեջանցիների դեմ։ Ադրբեջանը տասնամյակներ գործել է Հայաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ պարբերական էթնիկ զտումների համար ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների դեմ։ Այդ ջանքերը անարդյունք չեն մնացել. էթնիկ զտումները եւ այլ անօրինական գործողություններ, որոնք կատարել է Հայաստանը տասնամյակներ շարունակ օկուպացիայի ժամանակ Ադրբեջանի միաջզգայնորեն ճանաչված տարածքներում, մանրամասն կդիտարկվեն դատարանի կողմից ըստ էության։
Բացի այդ, դատարանը մերժել է Հայաստանի փորձերը՝ որոշումից բացառելու համար ականների տեղադրման պրակտիկայի հարցը։ Արդարության ապահովումը զոհերի համար, որոնց թիվը մինչ այժմ ողբերգականորեն աճում է Հայաստանի ականային սպառնալիքի պատճառով, բացառիկ նշանակություն ունի։ Նոյեմբերի 10-ին ականի պայթյունի հետեւանքով տուժել է Ադրբեջանի եւս մեկ քաղաքացի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախնական առարկություններին, ապա կարեւոր է, որպեսզի դատարանը պահպանի փաստերի եւ ապացույցների լիակատար իրականացման իրավունքը՝ կապված Հայաստանի կեղծ պահանջների հետ ռասայական խտրականության մասին։ Ադրբեջանը համոզված է, որ ապացույցների ուսումնասիրությունը ցույց կտա, որ միջազգային իրավունքի ոչ մի խախտում թույլ չի տրվել»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում։
Ինչպես երեւում է տեքստից, Բաքվում լռության են մատնել առարկությունների մերժման փաստը։ Փոխարենը Ադրբեջանի ԱԳՆ-ում Հայաստանին նոր դատավարություններ են խոստանում։
«Պետք է նաեւ նշել, որ Միջազգային դատարանը միակ իրավական հարթակը չէ, որտեղ Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։ Ադրբեջանը նաեւ հանդես է գալիս այլ միջազգային իրավական հարթակներում՝ փոխհատուցում եւ ֆինանսական հատուցում ստանալու նպատակով Հայաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումների համար մի շարք այլ ոլորտներում, ներառյալ շրջակա միջավայրի եւ էներգետիկ ենթակառուցվածքի քայքայումը օկուպացիայի շրջանում»,- նշված է մեկնաբանությունում։ Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ առարկությունը, որն ընդունել է դատարանը, վերաբերում է հենց «շրջակա միջավայրի վնասի» մասին պահանջներին։ Դատարանը որոշել է, որ գյուղատնտեսական գործունեությունը, որը կարող էր ինչ-որ վնաս պատճառել, ուղղված չի եղել որեւէ էթնիկ խմբի դեմ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am