Ասկերանի քաղաքապետի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ՀՀ քննչական կոմիտեն դադարեցրել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
Նշվում է, որ հանրային քրեական հետապնդում հարուցվել էր խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, կեղծելը կամ իրացնելը հոդվածներով։
Եփրիկյանը նաև ընդգծել է, որ Հայկ Շամիրյանի ազգականի` Կարեն Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236–րդ հոդվածի 2–րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) հարուցված քրեական հետապնդումը` հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը ևս դադարեցվել է` մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին իրավապահ մարմինները խուզարկություն էին իրականացրել Ասկերանի քաղաքապետի տանը, ինչից հետո նրան ձերբակալել էին։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24-ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը։