ԵՐԲ ԹՐԱՄՓՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆ, ՎՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԶՈՐ ՎԵՐԵԼՔՈՎ

Փաշինյանը վարպետորեն շեղեց ուշադրությունը սեփական անձից, ուղղելով դա ՔՊ-ում ընթացող ներկուսակցական գզվռտոցի վրա։ Մինչ քաղաքական տարվա ավարտը կլինեն կադրային նոր փոփոխություններ և սկանդալային բացահայտումներ, իսկ Դավիթ Խաժակյանը («Լուսավոր Հայաստան») արդեն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ՔՊ-ն արագացված տեմպերով առաջ է տանում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների իր նախագիծը»: Միաժամանակ ռեժիմի քարոզչամեքենան անհավանական բարձունքների հասավ՝ ցեխ շպրտելով ՀՅԴ-ի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Սահմանափակվեմ մի օրինակով, որպեսզի ընթերցող հանրությանը չծանրաբեռնեմ խելագարի զառանցանքով։ Ռեժիմի խոսափող Գնել Սարգսյանն օրերս հայտարարեց. «ՀՅԴ-ն ու հայոց կաթողիկոսները շահագրգռված են, որ հայկական պետականությունը վերանա երկրի երեսից, քանի որ դա կբերի Եկեղեցու հեղինակության աճի»:

ԱՅՍ «ՄԱՐԳԱՐԻՏԸ» ՀՆՉԵՑ ԱՅՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԵԹԵՐՈՒՄ, ՈՐԸ ԿԱՊՈՒՄ ԵՆ ԽՈՍՆԱԿ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ։ Ինքը՝ խոսնակը, վերջերս խորհրդարանի ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արմենուհի Կյուրեղյանին. «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող էլ չկա»: Նույն խմբակցության և կուսակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այդ արտահայտությունից հետո հարցրեց ԱԺ նախագահին. «Ամոթ չէ՞» և ի պատասխան ստացավ. «Չէ՛»։

. ՀՅԴ-ի հրապարակավ հալածման գործում ռեժիմի առաջին դեմքերն ու նրանց քարոզչամեքենան քաղաքական տարվա ավարտին խախտում են բոլոր տաբուները, ուստի Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանությունները թողնում եմ առողջ հոգեբանությամբ ընթերցողներին, որպեսզի անցնեմ քարոզչամեքենայի գլխավոր թեզին։ Ռեժիմի հեռուստաալիքներով դրա «առաջմղմամբ» զբաղված են հիմնականում այսպես կոչված «Ժողովրդավարական հարթակի» անդամ կուսակցությունների առաջին դեմքերը։ Թեզը հանգում է նրան, որ հայ ժողովուրդն ի դեմս Ռուսաստանի տեսնում է իր գլխավոր թշնամուն։

Զանգվածային գիտակցության մեջ համառորեն ներարկվում է այն միտքը, թե Արցախը հանձնել է ոչ թե Փաշինյանը, այլ Պուտինը։ Պետք է խոստովանել, որ տվյալ փուլում ռեժիմի քարոզչամեքենան հաջողություններ է արձանագրում. ռուսատյաց հիստերիան չմարեց նույնիսկ Փաշինյանի Կազան կատարած այցից հետո։ Կրակի վրա յուղ են լցնում ընթացիկ սոցհարցումները, որոնք (ամերիկյան մոդելով) ոչ այնքան բացահայտում են հասարակական տրամադրությունները, որքան փորձում ձևավորել դրանք։ Այդ սոցհարցումներին պետք չէ վստահել։ Տարածաշրջանի և Հայաստանի ապագան կախված է Պուտինի և Թրամփի պայմանավորվածություններից։

Եթե այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեն, ավելի ճիշտ, երբ տեսանելի ապագայում դրանք ձեռք բերվեն, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կհաղորդի «հարթակի» իր ընկերներին, պարոն Սորոսի հետևորդներին և Պետդեպարտամենտից ֆինանսական մուտքերի հասցեատերերին, որ ԱՄՆ-ը չի խանգարի հայ ժողովրդին իր քաղաքական կամքի իրականացման գործում։ Այդ կամքը կարտահայտվի Փաշինյանի և ՔՊ-ի զանգվածային ուղարկումով պատմության աղբանոց:

Թրամփի հաղթանակին հաջորդեց կոալիցիայի փլուզումը Գերմանիայում, որտեղ ազգային ուժերը պահանջեցին արտահերթ ընտրություններ անցկացնել: Գլոբալիզմը ձախողվում է ԵՄ-ում, ազգային ինքնագիտակցությունն ամենուր առաջին պլան է ելնում, դժվար թե Հայաստանը տևականորեն բացառություն լինի, իսկ առայժմ ռեժիմը փորձում է ներքաղաքական սկանդալներով շեղել քաղաքականացված հանրության ուշադրությունը համաշխարհային նոր միտումներից

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման 30-ից ավելի մասնակիցների բերման ենթարկելուց և ձերբակալումից հանրային ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը աղմուկ կազմակերպեց ԶԼՄ-ներում՝ մի քանի խմբի ՔՊ վերնախավի տրոհման առնչությամբ։ Այդ աղմուկը ուշադրություն շեղեց ոստիկանական կամայականությունների աղաղակող հետևանքներից, այն է՝ ձերբակալություններից ոչ մեկը չպսակվեց զենք-զինամթերքի հայտնաբերմամբ, մինչդեռ բերման ենթարկումների ու ձերբակալությունների հիմնավորումն այն էր, թե շարժման մասնակիցները կասկածվում էին ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու մեջ։ Բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, այդ թվում՝ ոստիկանները, բայց ախր ոչ 30 անգամ անընդմեջ: Դա ամենևին բերման ենթարկել ու ձերբակալել չէ, այլ ոստիկանական տեռոր՝ ահաբեկման նպատակով։

Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժումից ուշադրություն շեղելու գործուն միջոցը ՔՊ-ի տրոհումն էր անհաշտ խմբավորումների։ Մեկում նրանք են, ովքեր հավաքվել են բոլոր ժամանակների գլխավոր բանսարկուի՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի շուրջ։ Մյուսին դասում են նրանց, ովքեր օգտվում են Փաշինյանի ականջին մոտ լինելու արտոնությունից, իսկ երրորդ խմբավորմանը պատկանում են այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց մյուսներից ավելի հաճախ են կասկածում կոռուպցիայի մեջ և այլն: Ներկուսակցական այդ իրարանցումը Փաշինյանն օգտագործում է որպես զտիչ՝ ՔՊ-ի նախընտրական ցուցակը կազմելու համար: Չի բացառվում, որ նա նույնիսկ ինչ-որ «մինի հեղափոխություն» նախաձեռնի ՔՊ-ի մասշտաբով՝ 2018-ի գարնանը իրեն աջակցողների վստահությունը վերականգնելու համար։

ՔՊ վերնախավի և Փաշինյանի դրածոների մասնակցությամբ հաճախակի դարձած կոռուպցիոն սկանդալների խորապատկերին իշխող կուսակցական վերնաշերտի ներսում կոմպրոմատների պատերազմի և «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների ոստիկանական հալածանքի պայմաններում հասարակության մեջ աճում է անտարբերության աստիճանը, ձևավորվում է հուսահատության թանձր մթնոլորտ։

Վեցուկես տարի անց ոչ մեկին այլևս պետք չէ համոզել, որ ռեժիմի վերնաշերտը վարում է դավաճանության քաղաքականություն ընդդեմ ազգային ու պետական շահերի։ Հայտնի է, որ ՔՊ ղեկավար կադրերը թաղված են կոռուպցիայի ու հովանավորչության մեջ, որ երկրում ոստիկանական տեռոր է տիրում, իսկ իշխող վերնաշերտը մտածում է միայն անձնական հարստացման մասին։ Ժողովուրդն աղքատանում է ապրանքների և ծառայությունների գների չհիմնավորված աճի պայմաններում՝ գիտակցելով, որ կյանքի նոր տերերին չեն հետաքրքրում հասարակ մահկանացուների խնդիրները։ Ընդ որում իշխող վերնաշերտի քարոզչամեքենան 7/24 ռեժիմով ներշնչում է, թե Նիկոլի դեմ խաղ չկա, թե ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը, իսկ ռեժիմի քաղաքականությանը ցանկացած դիմադրություն դատապարտված է ձախողման։ Ամեն ինչ արվում է բողոքի չնչին իսկ փորձը կասեցնելու համար, որպեսզի շարքային քաղաքացիները գիտակցեն, որ հավաքական կամքի դրսևորումը դաժանորեն ճնշվելու է։

Քարոզչամեքենային հաջողվել է տոտալ անտարբերության մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ և հուսահատության զգացում ներշնչել քաղաքացիներին, իբր՝ ռեժիմին դիմակայելը բացարձակ անիմաստ է, սակայն դա ժամանակավոր արդյունք է։ Պրկված զսպանակի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել, տոտալ վհատությունը կավարտվի հզոր վերելքով նույնիսկ այն պայմաններում, երբ տիտղոսային ընդդիմությունը, ավաղ, ի վիճակի չէ համաժողովրդական մասշտաբներ տալ ռեժիմի պարագլխի հրաժարականի պահանջին։

Չարժե լսել նրանց, ովքեր խորհուրդ են տալիս ընդդիմությանը խնայել ուժերը խորհրդարանական ընտրությունների համար (հերթական կամ արտահերթ)՝ չվատնելով դրանք Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային բողոքի ակցիաների վրա։ Համաժողովրդական վերելքը քաղաքական հեռանկար կունենա նախքան ընտրությունները, քանի որ ռեժիմի վերնաշերտն ընտրությունների կգնա ընտրակեղծիքների հստակ կարգավորված մեքենայով։

Երբ Թրամփն ու Պուտինը պայմանավորվեն, հայ ժողովրդին ոչ ոք չի խանգարի պատմության աղբանոց ուղարկել ռեժիմի պարագլխին ու նրա անկշտում հաճկատարներին, բայց ընտրությունների միջոցով դա դժվար թե ստացվի. Հայաստանում իշխանությունը երբեք այդ կերպ չի փոխվել։ Իսկ այն մասին, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համաձայնության միտումներն արդեն ուրվագծվել են, վկայում Է Թրամփի հաղթանակի հետևանքով առաջացած խուճապն արևմտամետ ուժերի ճամբարում։

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը իշխանական հեռուստաալիքներով պարբերաբար կրկնում էր. «Աստված մի արասցե, ԱՄՆ-ում Թրամփը հաղթի»։ Թրամփը հաղթեց, իսկ դա նշանակում է, որ հունվարի 20-ից հետո Պետդեպարտամենտը նոր տեր կունենա, և տեսանելի հեռանկարում ամերիկյան հարկատուների փողերը, որոնց մասին ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարության մեջ, Պետդեպարտամենտի ուղիներով չեն մատակարարվի ՀՀ, խանգարելով դավաճան ռեժիմի դեմ հայ ժողովրդի պայքարին։

Դա, կրկնեմ, տեսանելի հեռանկարում, իսկ ներկայումս ռեժիմի վերնաշերտն ու նրա քարոզչամեքենան առավելագույն ջանքեր են գործադրում հասարակության մեջ համընդհանուր անհանդուրժողականության և քաոսի մթնոլորտ ստեղծելու համար։ Բարիկադների երկու կողմում բոլորը զբաղված են միմյանց մեղադրելով, ցեխ շպրտելով, ատելով, փոխանակ միահամուռ վերցնեն ու պաշտոնանկ անեն «ազգի գերեզմանափորին»՝ բոլոր դժբախտությունների գլխավոր պատճառին ու հիմնական աղբյուրին:

Արևմտյան ազդեցության ստաժավոր գործակալները մոբիլիզացված են և քրտնաջան աշխատում են, սակայն դժվար թե նրանց հաջողվի ազդել համաշխարհային գործընթացների տրամաբանության վրա։ Այդ գործակալական ցանցի ֆինանսավորման ամերիկյան աղբյուրները վտանգված են. այն փաստը, որ այդ ֆինանսավորման մասին խոսեց ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը, միանգամայն որոշակի եզրակացությունների է հանգեցնում։ Գործակալներին այդ եզրակացությունները հայտնի են, չէ որ նրանք նույնպես կարողանում են կարդալ տողերի արանքում