«ԱԳՆ-ից հրահանգ կա». Արգենտինան հրաժարվել է մասնակցել Բաքվում անցկացվող COP-29-ին
Արգենտինան հրաժարվել է մասնակցել Բաքվում ընթացող COP–29 կլիմայական գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի հարցերով ազգային վարչության ղեկավար Անա Լամասը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։
Մասնակցությունից հրաժարվելու որոշումը կայացվել է համաժողովի աշխատանքի առաջին օրերին արգենտինական պատվիրակության մասնակցությունից հետո:
«Մենք արտաքին գործերի նախարարությունից հրահանգ ունենք հրաժարվել մասնակցությունից։ Դա այն ամենն է, ինչ կարող եմ ձեզ ասել»,- հայտարարել է արգենտինացի պաշտոնյան
Հարցին, թե արդյոք Արգենտինան մտադիր է դուրս գալ Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից, նա չի պատասխանել:
ՄԱԿ-ի կլիմայի հարցերով COP 29 համաժողովը մեկնարկել է Բաքվում նոյեմբերի 11-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը:
Sputnik Արմենիա