Գրետա Թունբերգը մեղադրել է աշխարհին կեղծավորության մեջ հայերի հանդեպ Ադրբեջանի հանցագործություններն անտեսելու համար

Ինչո՞ւ ես չեմ մասնակցում COP29-ին։ Մեր օրակարգը (կլիմայական արդարության սկզբունքների պաշտպանություն) հակասում է COP29-ի օրակարգին, որն անցկացվում է Ադրբեջանում։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է շվեդ հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը։

«Այդ ռեպրեսիվ երկիրը ցանկանում է ավելացնել օգտակար հանածոների արդյունահանումը, նա պատասխանատու է էթնիկ զտման համար։ Զզվանք են առաջացնում կեղծավորությունն ու երկերեսանիությունը, որ այդ ամենի ֆոնին COP29-ն ացկացվում է այդ երկրում։

Ադրբեջանին հաջողվում է ոչ միայն կատարել այդ հանցագործությունները և պատիժ չկրել, այլև նրան հարթակ են տրամադրում այդ ահավոր հանցագործությունները, էթնիկ զտումները լեգիտիմացնելու և «կանաչ լվացման» համար։ Աշխարհը լռում է և նրան տալիս այդ հնարավորությունները և լռություն է պահպանում։

Մենք պետք է վերջ դնենք այն բանին, որ համաժողովը իրականացվում է մի երկրում, որն ունի ռեպրեսիվ էություն և ճնշում է սեփական քաղաքացիների իրավունքները։

Ադրբեջանցի ակտիվիստները ապրում են ասես բանտում, քանի որ զրկված են մարդու իրավունքներից։

Էթնիկ զտումները, որոնց համար պատասխանատու է Ադրբեջանը, զրկանքներն ու տառապանքները, որոնք զգացել են բազմաթիվ հայեր Ադրբեջանի նոր ագրեսիայի հետևանքով, այն կտտանքները և բռնի տեղահանումը, գերեվարությունները, պատանդառությունը, ֆիզիկական և հոգեբանական գազանությունները, որոնց միջով անցել են մարդիկ, կտրականապես անընդունելի են։

Եվ այն, ինչի մասին աշխարհը լռում է և թույլ տալիս Ադրբեջանին իրականացնել «կանաչ լվացում», այդ հանցագործությունն անընդունելի է։ Անընդունելի է նաև այն, որ երկրները շարունակում են գնել օգտակար հանածոներ Ադրբեջանից և լռություն պահպանել այս ամենի մասին։

Մենք չենք կարող ընտրել, թե հատկապես որ իրավունքներն ենք ցանկանում պաշտպանել։ Եթե մենք խոսում ենք արդարության մասին, մենք պետք է դա անենք բոլորի հանդեպ»,- ավելացրել է Թունբերգը։

News.am