ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՏԵՂՅԱ՞Կ Է ՀՀ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԻԶԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Արդեն դժվար է հաշվարկել, թե սա թվով որերորդ աղմկալի սկանդալն է գործող իշխանությունների՝ «կոռուպցիայի դեմ պայքարող կատաղի մարտիկների» շարքերում, որոնք անխոնջ մերկացնում են նախկին կոռուպցիոներներին և վերադարձնում ապօրինի վաստակած գումարները պետական գանձարան։ Օրենքը խախտած գործիչներին պատժելը, ինչ խոսք, օգտակար բան է երկրի համար։ Բայց երբ սկանդալների մեջ կանոնավորապես հայտնվում են ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաները՝ առանց որևէ իրավական և այլ հետևանքների, դա արդեն բոլորովին այլ բան է նշանակում։

Դա նշանակում է, որ «նախկիններին» չէր կարելի, իսկ մեզ ամեն ինչ կարելի է, և ամեն ինչի համար անպատիժ կմնանք։

Այս անգամ սկանդալ բռնկվեց խորշելի դարձած գերատեսչության շուրջ, որը կոչվում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Առ այսօր այդ հաստատությունը հայտնի էր զուտ քաղաքական բնույթի կրիմինալով, օրինակ՝ թուրքական նախկին գործակալ նախարարի կենսագրությամբ, կամ պաշտոնական կայքից հայ ժողովրդի և պետության պատմության հետ կապված ամբողջ բաժինների հեռացմամբ, ինչպես նաև սեփական անիրազեկությամբ ու թշնամական պետությունների շահերին ծառայող ակտիվ գործունեությամբ։ Բայց այս անգամ գործը, ինչպես պարզվեց, բավական ճղճիմ է։

Պարզապես ինչ-որ մեկը ցանկացել է փող վաստակել անարդար ճանապարհով, օգտվելով այն ժամանակահատվածից, երբ իրենց ամեն ինչ կարելի է։ Պարզապես երիտասարդը, որը հայտնի չէ, թե ինչ արժանիքների համար 28 տարեկանում նստել է փոխնախարարի աթոռին, պետական կառույցների համատարած կոռումպացվածության խորապատկերին որոշել է, որ ինքը ոչնչով պակաս չէ իր ավագ գործընկերներից, և որ պետք է կյանքից պոկի առավելագույնը, քանի դեռ բոլորին ամեն ինչ ներվում է։

Խոսքը, ինչպես ընթերցողն արդեն հավանաբար կռահեց, բառացի և փոխաբերական իմաստով դանդալոշ Վահան Կոստանյանի մասին է, որը նույնիսկ վերևից իջեցված և անգիր արած ցուցումները չի կարողանում նորմալ վերարտադրել լրագրողների առջև։

Նոյեմբերի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթը հաղորդեց ԱՄՆ վիզաների հետ կապված մեքենայությունների մասին, որոնց մեջ ներգրավված են եղել ԱԳՆ աշխատակիցները, կոնկրետ՝ նախարարի վարորդն ու փոխնախարարը, որին նա սպասարկում էր: Տհաճ պատմությունը թերթին պատմել են երկու կանայք, որոնք ցանկացել են իրենց ընտանիքներով (ընդամենը 8 հոգի) մեկնել օվկիանոսից անդին, և վիզաներ ստանալու նպատակով դիմել են «Ավա Թրեվլ» տուրիստական գործակալություն:

Գործակալության տնօրեն Նունե Սոֆյանն իր հաճախորդներին հավաստիացրել է, որ հարցը կլուծի նրանցից մի քանիսին ՀՀ ԱԳՆ-ում կեղծ աշխատանքի տեղավորելու միջոցով, և դա, նրա խոսքերով, կհեշտացնի վիզաների տրամադրումը: Իր ծառայությունների համար Սոֆյանը 7 հազարական դոլար է պահանջել անձնագրում ամերիկյան բաղձալի կնիքի յուրաքանչյուր պոտենցիալ տիրոջից։ Կանայք վաճառել են իրենց բնակարանները և տիկնոջը փոխանցել այդ գումարի մի մասը՝ 10 հազար դոլար, գրում է թերթը։

Սակայն որոշ ժամանակ անց Սոֆյանը պահանջել է ևս 7 հազար դոլար գումար, որը ԱԳՆ շենքի դիմացի պուրակում պետք է հանձնվեր ոմն քաղաքացու։ Ինչպես պարզվեց, դա գերատեսչության վարորդն էր՝ Երջանիկ Ումրշատյան անունով, որն էլ իր ծառայողական՝ ԱԳՆ-ի մեքենայով տարել է հաճախորդներին ԱՄՆ դեսպանատուն։ Սակայն փափագելի վիզաները ստանալ չի հաջողվել։

Խաբված տիկնայք գումարը հետ են պահանջել նախ Սոֆյանից, ապա Ումրշատյանից, իսկ այնուհետ դիմել են Կոստանյանին, քանի որ տեսել են նրան նույն ծառայողական մեքենայից իջնելիս և աշխատանքի գնալիս՝ նույն օրն ու ժամին, երբ սպասում էին վարորդին կաշառքը հանձնելու համար:

Պարբերականը պարզաբանման համար դիմել է անձամբ Կոստանյանին և ԱԳՆ։ Առաջինը հայտարարել է, թե Ումրշատյանն իր վարորդը չի եղել և ընդհանրապես աշխատանքից ազատվել է նախքան փոխնախարարի պաշտոնում իր նշանակվելը։ Իսկ ինքը դեռևս սեպտեմբերի 14-ին հաղորդում է ներկայացրել դատախազությանը կատարվածի մասին։ Պատասխանը, ամենայն հավանականությամբ, նախապես համաձայնեցված չէր ԱԳՆ համապատասխան ծառայությունների հետ, քանի որ այնտեղից հայտնել են պարբերականին, որ վարորդն աշխատել է 2022 թվականի մարտից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 28-ը։

Ընդ որում, տուժածների տեղեկություններով, դրանից հետո նա անհետացել է և, ամենայն հավանականությամբ, լքել Հայաստանը։

Իսկ դատախազությունից թերթին չեն պատասխանել՝ լրացուցիչ ժամանակ խնդրելով տեղեկատվություն տրամադրելու համար։

Սակայն ի հայտ են գալիս ԱԳՆ-ի և անձամբ Կոստանյանի համար անհարմար մի քանի հարցեր։ Նախ՝ նախարարի տեղակալի պաշտոնում նա նշանակվել է 2023-ի հունվարին, իսկ Ումրշատյանն ԱԳՆ-ում աշխատել է 2022-ի մարտից։ Ճիշտ է, մի քանի ժամ անց լրագրողների հետ զրույցում Կոստանյանը հապճեպ ճշտեց, թե իբր՝ վարորդը չի ազատվել աշխատանքից, այլ աշխատել է մինչև իր նշանակումը։ Ինչը, ի դեպ, բացարձակապես ոչինչ չի փոխում, այլ միայն խորացնում է կասկածները Միրզոյանի տեղակալի ճշմարտախոսության և անմեղության վերաբերյալ։

Երկրորդ՝ եթե Կոստանյանը դեռևս սեպտեմբերի 14-ին տեղեկացրել է դատախազությանը պետական գերատեսչության աշխատակցի հնարավոր մեքենայությունների մասին, ապա ինչպե՞ս է Ումրշատյանն այնտեղ աշխատել ևս մեկուկես ամիս, իսկ այնուհետ առանց խնդիրների ազատվել աշխատանքից և, հավանաբար, անարգել հեռացել երկրից։ Եվ ինչո՞ւ թերթի հարցմանն ԱԳՆ-ի պատասխանում չի նշվել աշխատանքից նրան ազատելու պատճառը։

Չի կարելի չնշել ևս մեկ տեսանկյուն։ Հայտնի չէ, թե քանի համանման մեքենայություններ են արել Ումրշատյանն ու Սոֆյանը մինչ այդ, և արդյոք ընդհանրապես արել են։ Սակայն մեկ բան կարելի է ասել հաստատապես. ոչ մի վարորդ չի կարող կեղծ աշխատանքի տեղավորել կողմնակի անձանց այդչափ լուրջ պետական գերատեսչությունում՝ առանց բարձրաստիճան անձանց գիտության և աջակցության։ Եթե, իհարկե, տվյալ գերատեսչությունում կատարյալ բարդակ չի տիրում։

Այժմ թերթը պատասխանի է սպասում դատախազությունից, որը, եթե հավատանք Կոստանյանի խոսքերին, զննում է այդ գործը սեպտեմբերի 14-ից, այսինքն արդեն 2 ամիս շարունակ։ Մեծագույն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ պատասխան կա՛մ ընդհանրապես չի լինի, կա՛մ կլինի պարզապես խուսագրություն:

Քանզի դժվար է հիշել եվ հաշվել, թե քանի այդպիսի սկանդալ ու կոռուպցիայի ապացուցված փաստեր են արդեն եղել իշխանության ներկայացուցիչների, ընդ որում՝ դրա բարձրագույն էշելոնի պարագայում։ ԱԱԾ-ն այդպես էլ չհստակեցրեց, թե ժամանակին իսկապես հավաքագրվել է արդյոք ԱԳ նախարար Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Առողջապահության նախկին և ներկա նախարարները ֆինանսական խոշոր չարաշահումներ են թույլ տվել և մերկացվել կոռուպցիայի մեջ Հաշվեքննիչ պալատի ղեկավարության մակարդակով, և ոչինչ։ ԱԺ նախագահի եղբայրն արդեն տևական ժամանակ կանոնավորապես հաղթում է շահաբեր տենդերներում, և ոչ մի իրավապահ կառույց դրանով չի հետաքրքրվում:

Ս.թ. մարտին Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (ОССRP) հրապարակեց մի ամբողջ հետաքննություն՝ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսական աղբյուրների ծայրահեղ կասկածելիության մասին՝ ներկայացելով բազմաթիվ փաստեր։ Եվ ի՞նչ։ Ոչինչ, ոչ մի ծպտուն դատախազությունից: Նշյալ և մյուս գերատեսչությունները լռում են նաև այն մասին, թե որն է Երևանի քաղաքապետ Ավինյանի դերը ներկայումս փակված ԱՆԻՖ հիմնադրամում տեղի ունեցած կոռուպցիոն մութ գործերում:

Օրերս հայտնի դարձավ, որ Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը, որն առավել հայտնի է Կոկորդիլոս մականունով, 1 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել հարազատ հորեղբոր ընկերության հետ: Ինչպես նաև՝ աշխատանքի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանեկան բիզնեսի հետ կապված քրեական գործի մասին

Շարունակե՞մ, թե՞ դատախազության հավանական պատասխանի բովանդակությունն արդեն հստակ ուրվագծվում է։ Եթե, իհարկե, Փաշինյանը չորոշի ընտրություններին նախապատրաստվելու շրջանակներում ցուցադրաբար զոհաբերել երիտասարդ դանդալոշին…

Բայց եթե այսպես կոչված ՀՀ իշխանությունների պարագայում ամեն ինչ և վաղուց պարզ է, ապա շատ կցանկանայինք իմանալ. ԱՄՆ դեսպանատունն առհասարակ տեղյա՞կ է «կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարողների» շուրջ բռնկված հերթական տհաճ սկանդալի մասին, որոնց նա այդքան քնքշորեն փայփայում է, մշտապես դրվատում՝ նորանոր միլիոններ նետելով այդ «արդար» նպատակների համար։ Չէ՞ որ այս անգամ, շնորհիվ ԱԳՆ-ականների, գործին առնչվում է նաև դեսպանատունը