ՀՀ քաղաքացիները կկարողանան Ղազախստան մեկնել ID քարտերով. համաձայնագիրն ուղարկվել է ԱԺ
ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան նույնականացման քարտերով այցելել Ղազախստան։ Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների ուղևորությունների և կեցության կարգի մասին համաձայնագրի նախագծում, որն այսօր ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
2024 թվականի ապրիլի 15-ին ստորագրված համաձայնագիրը կփոխարինի նախորդին, որը գործում էր 2006 թվականից:
Այսուհետ ՀՀ քաղաքացիները Ղազախստան, իսկ Ղազախստանի քաղաքացիները՝ Հայաստան կկարողանան մեկնել ոչ միայն անձնագրերով, այլ նաև ID քարտերով, ինչը թույլ կտա առանց պարտադիր գրանցման մինչև 90 օր գտնվել ընդունող երկրի տարածքում:
Տվյալ կարգի ներդրման շուրջ բանակցությունները սկսվել էին դեռևս 2019 թվականին, իսկ վերջնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ 2024 թվականի ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիների համար նույնականացման քարտերով մուտքի ռեժիմ արդեն գործում է Վրաստանում։
Ավելի վաղ Հայաստանի սփյուռքի նախարարությունը (ներկայում գործում է որպես վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ, – խմբ.) հայտնել էր, որ Ղազախստանում, պաշտոնական տվյալներով, բնակվում է շուրջ 25 հազար, իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ մինչև 60 հազար հայ:
Sputnik Արմենիա