ԵՊՀ․ Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը չի փակվի, վերախմբավորում է լինելու
Երևանի պետական համալսարանում Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի փակման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
Նշենք, որ նոյեմբերի 14-ին մամուլում տարածվել էր մի լուր, որի մասին բարձրաձայնել էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, այն է` ԵՊՀ-ում փակվում է Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը։
«ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են կրթական ու գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման լավարկմանը։ Ինչ վերաբերում է ուսանողների թվին, ապա միայն այս տարի ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ է ընդունվել ավելի քան 200 ուսանող, իսկ ընդհանուր առմամբ, ինստիտուտում այս պահին սովորում է ավելի քան 800 ուսանող»,– գրել է Միսակյանը։
Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանն իր հերթին պարզաբանել է իրականացվող փոփոխություններն ու դրանց նպատակները։
«Դեռևս նախորդ տարի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետները միավորվեցին` ձևավորելով Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտը։ Այդ միավորումն ուղղակի ֆորմալ բնույթ չէր կարող կրել, դա ենթադրում է, որ իմաստային և բովանդակային փոփոխություններ պետք է լինեն»,– ասել է Ներկարարյանն «Արմենպրեսին» տված հարցազրույցում։
Փոփոխություններից հետո նոր ամբիոնի անվանման ընտրությունն անցնելու է հատուկ ընթացակարգով։
Sputnik Արմենիա