Կուրսկի մարզի բնակիչները Պուտինին ուղերձ են հղել և պահանջել «ավարտել պատերազմը»
Կուրսկի մարզի Օլգովկա գյուղի բնակիչները Վլադիմիր Պուտինին բողոքել են իրենց տարհանումից հետո ի հայտ եկած դժվարությունների մասին և կոչ արել «վերջացնել բազմաթիվ անմեղ կյանքեր խլած անիծյալ այս պատերազմը»։
«Երեք ամիս է, ինչ դժոխքում ենք, ուր դիմենք, որտե՞ղ կարող ենք փրկություն գտնել։ Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները տեսնեն խաղաղ երկինք և չլսեն հրթիռի վտանգի ազդանշանը։ Ուսումնասիրեք այս իրավիճակն ու ականջ դրեք սահմանամերձ բնակիչներին: «Մենք մեր կամքով չէ, որ համակերպվում ենք այս ամենի հետ», - ասել են փախստականները Պուտինին ուղղված տեսաուղերձում։
Մարդիկ դժգոհում են, որ անօթևան են դարձել, քանի որ իրենց գյուղն ավերվել է մարտերի ժամանակ։ Նրանց կարծիքով, ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ բնակարաններ վարձել, իսկ ներգաղթյալները չեն ցանկանում աշխատանքի ընդունվել: Փախստականները հայտնել են նաև, որ իրենց համագյուղացիներից ոմանք մահացել կամ անհետացել են, քանի որ տարհանման մասին ժամանակին չի հայտարարվել, և ոչ բոլորն են հասցրել հեռանալ։ «Ինչ-որ մեկը մնաց, քանի որ կարծում էր, որ այս ամենը երկու-երեք օր կտևի», - ասված է բողոքում:
Նոյեմբերի 10-ին մարտերից տուժած Սուջայի բնակիչները Կուրսկում չարտոնված ցույց են կազմակերպել։ Կուրսկի մարզի վարչակազմի ներկայացուցիչ Անատոլի Դրոգանը հավաքվածներին մեղադրել է «անօրինական գործողությունների» մեջ և խնդրել ցրվել։ Փախստականները հրաժարվել են, քանի որ «թքած ունեն՝ որտեղ կսառչեն»։ Հանրահավաքից հետո մասնակիցներից մեկը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիռնովը պաշտոնանկ է արել Սուջայի շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգաչովին։
Ավելի վաղ հանրահավաքի էին դուրս եկել նաև սահմանամերձ մեկ այլ շրջանի բնակիչներ՝ Բոլշեսոլդացկի, ովքեր դժգոհում էին ժամանակավոր բնակարանների թանկացումից և բնակարանային վկայագրերի բացակայությունից։
News.am