ՄԻՊ․ Արցախից բռնի տեղահանվածները շուտով ընտրության առաջ են կանգնելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատելով արցախցիներից ստացած հետադարձ կապից՝ բազմաթիվ մարդիկ դեռևս զբաղվածության համապատասխան մակարդակի չեն եկել, և անգամ նրանք, ովքեր եկել ենք այդ մակարդակին, հարց են տալիս, ասում են՝ աշխատանքից ստացած գումարը կա՛մ պետք է ուտեմ, կա՛մ վճարեմ բնակարանի վարձ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ խոսելով Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրում իրականացվելիք փոփոխությունների մասին։
«Դուք նշում եք, որ 25 հազար անձ արդեն ունի կայուն աշխատավարձով աշխատանք, և որ 13 հազար անձ ստանում է 100-500 հազար դրամ աշխատավարձ։ Բայց հնարավոր է, որ այդ անձն, օրինակ, ընտանիքի միակ աշխատողն է, և դա ոչ թե իր, այլ ամբողջ ընտանիքի եկամուտն է։ Եթե որևէ մեկը 1 մլնից ավելի եկամուտ է ստանում, քավ լիցի, ոչ ոք չի խոսում այդ ընտանիքին աջակցություն տրամադրելու մասին, բայց խոսում ենք այն մասին, որ սակավ եկամուտ ունեցող մարդիկ երեք ամիս անց երկու խմբի են բաժանվելու. մարդիկ, որոնք մնալու են դրսում, և մարդիկ, որոնք ընտրության առաջ են կանգնելու՝ ստացած եկամուտը ուտե՞ն, թե՞ բնակվարձ վճարեն»,–ասաց Գեղամ Ստեփանյանը՝ դիմելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին։
Դիմելով Սոցապ փոխնախարարին՝ Գեղամ Ստեփանյանը հարցրեց, թե ինչո՞ւ է երեք ամիս անց նվազեցվելու թիրախային խմբում գտնվողների՝ 1-ին և 2-րդ կարգի համշանդամություն ունեցող անձանց, կերակրողին կորցրած անձանց, երեխաների և 63 + տարիք ունեցող անձանց տրամադրվող աջակցությունը։
«Դուք խոսում եք տվյալ միջոցառման շարունակության մասին՝ առանց կարիքը հաշվի առնելու։ Մենք գնալու ենք այն ռեֆորմին, որ մաքսիմալ գանահատելու ենք ընտանիքների կարիքները, և նրանց հիման վրա ենք նշանակելու աջակցությունները։ Մենք այն կարծիքին չենք, որ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձն աշխատունակ չէ։ Աշխատունակ են համարվում նաև 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները, սակայն նրանց պարագայում հնարավորությունները շատ ավելի նվազ են։ Մարդիկ աշխատունակ են նաև մինչև 75 տարեկանը։ Մենք այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով ենք հանգել այս որոշմանը։ Եկե՛ք նվազեցնենք այս համատարած, առանց կարիքները հաշվի առնելու աջակցությունները, և կենտրոնանանք իսկապես կարիքավորների խնդիրները լուծելու վրա»,–հարցին ի պատասխան ասաց Սոցապ փոխնախարար Աննա Ժամակոչյանը՝ նշելով, որ իրականացվող ծրագրերի նպատակը Արցախից բռնի տեղահանված անձանց ինտեգրումն ապահովելն է։
News.am