ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ․ COP29-Ի ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Ադրբեջանում ՄԱԿ-ի COP29-ի կլիմայի շուրջ բանակցությունները «այլևս նպատակին չեն համապատասխանում» և հրատապ վերանայման կարիք ունեն, ասել են առաջատար փորձագետները, այդ թվում՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը և ՄԱԿ-ի կլիմայական ծառայության նախկին ղեկավարը:
ՄԱԿ-ին ուղարկված նամակում բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ երկրները չպետք է հյուրընկալեն բանակցությունները, եթե նրանք չեն աջակցում հանածո էներգիայի աղբյուրների աստիճանական վերացմանը:
Այս շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը COP29-ին իր երկրում հավաքված համաշխարհային առաջնորդներին ասել է, որ բնական գազը «Աստծո պարգև է», և իրեն չի կարելի մեղադրել այն շուկա հանելու համար, շեշտում է BBC-ն։
Դա տեղի է ունեցել օրեր անց այն բանից հետո, երբ BBC-ն հայտնել էր, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան, ըստ երևույթին, օգտագործել է իր դերը COP-ում՝ հանդիպում կազմակերպելու քննարկելու հանածո վառելիքի հնարավոր գործարքները, հաղորդում է BBC-ն:
ՄԱԿ-ի կլիմայի շուրջ բանակցությունները վերջին տարիներին զգալի առաջընթաց են գրանցել՝ չնայած գործողություններ ձեռնարկելու համար մոտ 200 երկրների միաձայն համաձայնության պահանջին:
Փարիզի կլիմայի համաձայնագիրը, որը ստորագրվել է 2015 թվականին, պարունակում է երկարաժամկետ ծրագիր՝ զսպելու ջերմաստիճանի աճը, քանի որ երկրները ձգտում են թույլ չտալ, որ այս դարում ջերմաստիճանը 1,5 C-ով բարձրանա:
Նրանք նաև պայմանավորվել են աստիճանաբար դադարեցնել հանածո վառելիքի օգտագործումը էներգետիկ համակարգերում և կրկնապատկել վերականգնվող էներգիայի քանակը մինչև 2030 թվականը:
Բայց թեև նամակի հեղինակները ընդունում են այս ձեռքբերումները, նրանք կարծում են, որ COP-ի դանդաղ առաջընթացն «այլևս նպատակին չի համապատասխանում»՝ արագ զարգացող կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում:
«Նրա ներկայիս կառուցվածքը պարզապես չի կարող ընդունել փոփոխությունները էքսպոնենցիոնալ արագությամբ և մասշտաբով, որը պահանջվում է մարդկության համար անվտանգ վայրէջք ապահովելու համար», - ասում են նամակը ստորագրած ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՄԱԿ-ի կլիմայի նախկին ղեկավար Քրիստիանա Ֆիգերեսը և Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը։
Բաքվի համաժողովում փոքր կղզի պետությունների բանակցողները հատկապես մտահոգված են COP-ի բնույթը փոխելու ցանկացած փորձով, որտեղ բոլոր երկրները հավասար են:
Նրանք մտավախություն ունեն, որ եթե խոշոր թողարկողների կողմից որոշումներ կայացվեն այնպիսի ֆորումներում, ինչպիսին է G20 հարուստ երկրների խումբը, փոքր կղզիների ձայնը կբացառվի:
«Մենք չենք մասնակցում այդ քննարկումներին», - ասաց Միքահի Ռոբերթսոնը, ով այս բանակցություններում Փոքր կղզի պետությունների դաշինքի խորհրդականն է:
Նամակի պատճառն աճող մտահոգություններն են որոշ երկրների վերաբերյալ, որոնք ընտրվել են հյուրընկալելու COP-ի բանակցությունները և նրանց կարողությունը՝ զգալի առաջընթաց գրանցել ջերմաստիճանի բարձրացման հարցում:
Վերջին համաժողովի մեկնարկից անմիջապես առաջ գաղտնի ձայնագրությունում երևում էր, որ Ադրբեջանի COP29 թիմի ղեկավար Էլնուր Սոլթանովը քննարկում է «ներդրումների հնարավորությունները» պետական նավթագազային ընկերությունում մի մարդու հետ, ով ներկայանում է որպես պոտենցիալ ներդրող:
COP29-ի սկզբում երկրի ավտորիտար առաջնորդ Իլհամ Ալիևը պաշտպանեց գազի ներկայիս արտահանումը և հաջորդ տասնամյակում արդյունահանումը մեկ երրորդով ավելացնելու պլանները:
«Սա Աստծո պարգև է»,- ասել է նա ներկաներին Բաքվում:
«Բոլոր բնական ռեսուրսները՝ լինի դա նավթ, գազ, քամի, արև, ոսկի, արծաթ, պղինձ, բոլորը բնական ռեսուրսներ են», - ասել է Ալիևը: «Չի կարելի երկրներին մեղադրել դրանք ունենալու համար, և չի կարելի մեղադրել նրանց՝ այդ ռեսուրսները շուկա բերելու համար, քանի որ դրանք պետք են շուկային, դրանք պետք են մարդկանց»:
Ալիևը նաև հարձակվել է Ֆրանսիայի վրա՝ անդրծովյան տարածքներում գաղութային «հանցագործությունների» և «մարդու իրավունքների ոտնահարման» համար։
BBC-ի հեղինակ Մեթ Մաքգրաթը նշում է, որ նման ուժեղ արտահայտությունները չափազանց հազվադեպ են COP-ը հյուրընկալող երկրի ղեկավարի կողմից, որը նպատակ ունի կոնսենսուսի հասնել բարձրացող ջերմաստիճանի դեմ պայքարելու վերաբերյալ:
Նամակի հեղինակներին մտահոգում է նաև COP-ի ընդունող կողմի ընտրության գործընթացը։ Ադրբեջանը հաջորդել է նավթի մեկ այլ խոշոր արտադրողի՝ Արաբական Միացյալ Էմիրություններին, որը անցած տարի համաժողովն անցկացրել է Դուբայում։
«Վերջին GOP-ում հանածո վառելիքի լոբբիստները գերակշռում էին գիտական հաստատությունների, բնիկ համայնքների և խոցելի երկրների ներկայացուցիչներին», - ասում է ՄԱԿ-ի նախկին ղեկավար Քրիստիանա Ֆիգերեսը:
«Մենք չենք կարող հուսալ, որ կհասնենք արդար անցման՝ առանց COP գործընթացի էական բարեփոխումների՝ առավել տուժածների արդար ներկայացվածությունն ապահովելու համար», - ավելացրեց նա:
Նամակի հեղինակները կարծում են, որ ընդունող երկրները «պետք է ցուցադրեն փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու իրենց հավակնությունների բարձր մակարդակը»։
Նրանք նաև ցանկանում են, որ COP համաժողովներն ավելի քիչ հաճախակի անցկացվեն` երկրների կողմից տրված խոստումները կատարելու հստակ պատասխանատվությամբ: