Թունբերգը COP29-ի մասնակիցներին կոչ է արել այցելել հայ գերիներին ու պատանդներին
«Բաքվում գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և COP29-ի մասնակից պաշտոնյաներին կոչ եմ անում այցելել հայ գերիներին, պատանդներին ու քաղբանտարկյալներին և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը», - այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։
Նա ընդգծել է, որ կլիմայական արդարությունը նշանակում է արդարություն բոլորի համար. «Չենք կարող ձևացնել, թե հոգ ենք տանում կլիմայի և շրջակա միջավայրի մասին, երբ Ադրբեջանի նման երկիրը, որն էթնիկ զտում ու ցեղասպանություն է իրականացրել, կլիմայական անվտանգության օրակարգ է առաջարկում: Երկիր, որը որևէ մտադրություն չունի իրական կլիմայական գործողություններ ձեռնարկել: Մենք չենք կարող ունենալ կլիմայական արդարություն առանց իրական արդարության»:
Ակցիայի ավարտին ցուցադրվել է Բաքվում COP29-ի անցկացման վայրի և դրանից ոչ հեռու գտնվող բանտի քարտեզը, որտեղ պահվում ու անմարդակային վերաբերմունքի են ենթարկվում հայ գերիներն ու պատանդները: «Միջազգային լրագրողներ և կազմակերպություններ, գնացե՛ք և տեսե՛ք , թե բնապահպանությունից ու սոլիդարությունից խոսող երկրի ղեկավարն ինչպես է վարվում մարդկանց հետ»,-ընդգծել են ակցիայի մասնակիցները:
News.am