CNN․ Բաքվի COP29-ի բանակցությունները վերածվեցին բոյկոտների կրկեսի
ԱՄՆ ընտրությունների արդյունքների հրապարակման պահից կլիմայի փոփոխության առաջնորդները գիտեին, որ Դոնալդ Թրամփը հարվածելու է Բաքվում անցկացվելիք COP29-ի բանակցություններին: Այն, ինչ նրանք չէին կանխատեսում, այն էր, որ Ադրբեջանի ղեկավարը քայքայիչ գործունեություն կծավալի ներսից։
Տարվա ամենահրատապ հանդիպումներից մեկը, որի նպատակն էր դանդաղեցնել վերահսկողությունից սրընթաց կերպով դուրս եկող գլոբալ ճգնաժամը, բանակցությունները վերածվեցին բոյկոտների, քաղաքական երկարաշունչ մենախոսությունների և հանածո վառելիքին նվիրված ներբողների, գրում է CNN-ը:
COP29-ի տանտերը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հիանալի ռինգմայստեր դուրս եկավ։ Քաոսի պայմաններում կլիմայի համաշխարհային ականավոր առաջնորդները ուրբաթ հանդես եկան բաց նամակով՝ կոչ անելով «արմատապես վերանայել» ՄԱԿ-ի կլիմայական ամբողջ գործընթացը:
Նամակում սկզբում նշվում էր, որ Կողմերի համաժողովներ (COP) անունով հայտնի ամենամյա բանակցություններն «այլևս պիտանի չէին այդ նպատակի համաիր», սակակայն այդ ձևակերպումն արագ հեռացվել է: Նամակը հրապարակած Հռոմի ակումբի համանախագահ Սանդրին Դիքսոն-Դեկլևի խոսնակը CNN-ին հայտնել է, որ խմբագրումը կատարվել է, քանի որ հեղինակների «կառուցողական քննադատությունն» օգտագործել են որոշ կողմեր՝ բանակցություններում սեփական շահերն առաջ մղելու համար, թեև նա այս նամակին մասնակցող կողմերի անուններ հատուկ չի նշել: Բայց այս խմբագրումը չի փոխում այն գաղափարը, որ բանակցություններն իսկապես կորցնում են իրենց համոզչությունը:
Երրորդ տարին անընդմեջ կլիմայի շուրջ բանակցություններն անցկացվում են կա՛մ նավթային պետությունում, կա՛մ նավթից և գազից մեծ կախվածության մեջ երկրում, շեշտում են լրատվամիջոցները։
Նախորդ երկուսը անցկացվել են Արաբական Միացյալ Էմիրություններում և Եգիպտոսում, և երեքն էլ քննադատության են ենթարկվել իրենց իրադարձություններին ընդառաջ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար: Բաց նամակի առաջարկություններից մեկը «ընտրության խիստ չափորոշիչներ» ներմուծելն է՝ GOP-ում նախագահողների թվում բացառելու համար այն երկրները, որոնք չեն աջակցում հանածո էներգիայի փուլային դադարեցմանը»:
Ամենամյա համաժողովներն ավելի ու ավելի են ներգրավում հանածո վառելիքի շահերի մասնակցությունը: Ավելի քան 1700 հանածո վառելիքի լոբբիստներ կամ ոլորտի ներկայացուցիչներ գրանցվել են այս տարի բանակցություններին մասնակցելու համար, ասված է «խոշոր աղտոտողներին դուրս կվռնդենք» կոչվող խմբերի կոալիցիայի վերլուծության մեջ:
Սա հսկայական խնդիր է, ասում է իտալական ECCO վերլուծական կենտրոնի կլիմայի դիվանագիտության ավագ մասնագետ Ալեքս Սքոթը: «(Ադրբեջանի նախագահը) նման չէ Փարիզյան համաձայնագրի կողմնակիցի։ Ներկայիս նախագահը դեռ մեկ շաբաթ ունի ցույց տալու, որ կատարում է այդ դերը»,- CNN-ին ասել է նա:
2015 թվականի Փարիզի համաձայնագիրը աշխարհի երկրների մեծ մասին միավորում է գլոբալ տաքացումը սահմանափակելու ընդհանուր նպատակի ներքո:
«Բայց այստեղ մեզ հետ նաև 1700 հանածո վառելիքի ոլորտի լոբբիստներ կան,- հավելել է նա,- և նրանք նույնպես Փարիզի համաձայնագրի նպատակների կողմնակից չեն», - նշել է փորձագետը:
News.am