Ուժային կառույցների ղեկավարներն ամեն տարի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդում կներկայացնեն ԱԺ

Ուժային կառույցների և ԱԺ–ի կողմից ընտրված մի շարք ինքնավար մարմինների ղեկավարներն ամեն տարի իրենց ղեկավարած կառույցների նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդում կներկայացնեն խորհրդարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանի, Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 89 կողմ, 1 դեմ և 7 ձեռնպահ ձայներ:

Նախագծով նախատեսվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահները տարեկան մեկ անգամ ԱԺ–ին կներկայացնեն նախորդ տարվա իրենց տարեկան հաշվետվությունները՝ այնպես, ինչպես, օրինակ, դա տեղի է ունենում գլխավոր դատախազի դեպքում:

«Այս մարմիններն այդ ֆորմատով դուրս էին խորհրդարանական վերահսկողության դաշտից: Եվ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք առնչություն են ունենում նշված ոլորտներին, ունեն շատ հարցեր»,–ասաց համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը հավելեց՝ միևնույն ժամանակ այս ֆորմատի նպատակն այդ մարմիններին իրենց գործունեության հետ կապված քննադատելը չէ: Մարմինների ղեկավարները, ըստ նրա, նույնպես ցանկություն են հայտնել՝ ներկայանալու, իրենց կատարած աշխատանքը ներկայացնելու, լսելու նաև պատգամավորների հարցերը, առաջարկությունները, քննադատությունները: