Գրիգոր ԲԱԼԱՍԱՆՅԱՆ․ ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԳԵՐԻՆԵՐԻՆ ՀԻՇԱՏԱԿԵԼԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բացառում եմ, որ ՀՀ-ի ներկա բանակցողները գերիների վերադարձի հետ կապված որևիցե պահանջ կարող են ներկայացնել Ադրբեջանին, քանի որ ուղղակի ցանկություն չունեն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

 

Հարցին՝ ճիշտ էր արդյոք, որ Հայաստանը չմասնակցեց Ադրբեջանում անցկացվող COP29-ին, նա նշեց «Իմ կարծիքով՝ ճիշտ էր COP29-ին չմասնակցելը, քանի որ դա, ըստ էության, լինելու էր կրկես։ Հայաստանը շատ վատ վիճակում էր հայտնվելու, Ադրբեջանին էլ ցույց էր տալու, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները այնպիսին են, որ անգամ կլիմայի գծով խորհրդաժողովին են ժամանում Բաքու, այսինքն՝ նախկին խնդիրները այլևս չկան։ Ավելին, միջազգային հանրության վրա էլ Ալիևը մուննաթ էր գալու և ասեր՝ մենք և ՀՀ-ն ուզում ենք հաշտվել, դուք եք խանգարում»։

Գրիգոր Բալասանյանը գերիների վերադարձի հետ կապված էլ նշեց, որ բացառում է, թե ՀՀ-ի ներկա բանակցողները երբևէ որևիցե պահանջ կարող են ներկայացնել Ադրբեջանին, քանի որ ցանկություն չունեն ուղղակի։

«Կարելի էր և գերիների հետ կապված բանակցել, և Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները դատապարտող հայտարարություն ընդունել։ Բայց մենք տեսնում ենք, որ COP29-ի բացման օրը ՀՀ-ի Ազգային ժողովում անգամ իշխանական խմբակցությունը չմասնակցեց գերիների հարցով հայտարարության ընդունմանը։ Սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում գերիների հարցն այս պահին բանակցողների առաջ դրված չէ, դրված է մի խնդիր՝ ոչ մի կերպ չնեղացնել Ադրբեջանին և Ալիևին»,- նշել է Բալասանյանը։

Ըստ միջազգայնագետի՝ սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ էլ ՀՀ ներկա իշխանությունները կարող էին պայման դնել՝ 4 գյուղը 23 ռազմագերիների դիմաց, բայց չարեցին։

«Տարին մեկ անգամ հիշատակել գերիների մասին այնքան էլ բավարար չէ։ Գործողություններով է պետք ցույց տալ, որ գերիների հարցը կարևոր է։ Եվ եթե վերադարձնող լինեին կամ ցանկություն լիներ վերադարձնել, տղաներն արդեն վերադարձած կլինեին։ Պայմանները շատ-շատ էին, անգամ սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ կարող էին պայման դնել՝ 4 գյուղը 23 ռազմագերիների դիմաց։ Բայց ես հասկանում եմ, որ այն, ինչ կա թղթի վրա ու կա իրականում, իրար չեն համապատասխանում, դրա համար ես հեռու եմ այն մտքից, թե գերիների հարցը կարող էր բարձրացվել COP29-ից առաջ կամ հետո»,- եզրափակել է Բալասանյանը։

Alpha News