Վրաստանի ԿԸՀ ղեկավարի վրա սև ներկ են լցրել ընտրությունների արդյունքների հայտարարումից առաջ. վեճ է տեղի ունեցել
Վրաստանի ԿԸՀ նիստը, որը պետք է ամփոփեր խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, սկսվել է սկանդալով և ծեծկռտուքով, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրտաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ նախագահ Գեորգի Քալանդարիշվիլու վրա։
«Դուք չեք լսում վրացի ժողովրդին, չեք լսում բողոքող ուսանողներին։ Դուք խլել եք Վրաստանի ապագան, մեր ապագան և մեր ժողովրդին հրում եք Ռուսաստանի կողմը։ Ես անգամ չեմ կարող քեզ նախագահ անվանել, դու «տոչկա ռու» ես։ Դու սև կետ ես»,- ասել է Կիրտաձեն՝ մոտենալով Քալանդարիշվիլուն սև գույնի հեղուկի բաժակով։
Շուտով ծեծկռտուք է սկսվել, հանձնաժողովի անդամներին ստիպված են եղել բաժանել պահպանության աշխատակիցները և կարգադրիչները։
Իշխանությունների ընդդիմախոսները կարծում են, որ ընտրություններում քվեարկության գաղտնիքը խախտվել է, ընտրաթերթիկները ցույց են տվել հակառակ կողմի մարկերները։ Նրանք հավաստիացնում են, որ այդ պատճառով տեղամասերի 90 տոկոսում, որտեղ դրված են եղել էլեկտրոնային ընտրատուփեր, ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն։ Տեղի հասարակական կազմակերպությունների և ընդդիմության համապատասխան պահանջները վրացական դատարանները չեն բավարարել։
Նիստն ընդհատվել է։ Նիստերի դահլիճը և Քալանդարիշվիլու բազկաթոռը մաքրում են ներկից։
ԿԸՀ գրասենյակի մոտ զուգահեռ տեղի է ունենում բողոքի ակցիա, հավաքվել է մի քանի հարյուր մարդ, որոնք կարծում են, որ ընտրությունները կեղծվել են։ Նրանց մեջ են թե՛ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, թե՛ շարքային քաղաքացիներ։
Ներկա են ոստիկանության մեծ թվով ներկայացուցիչներ, կենտրոնական դարպասը փակ է կողպեքով։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ կառավարող «Վրացական երազանքը» հավաքել է 53,93 տոկոս, նա հաղթել է և ստացել միանձնյա կառավարություն ձևավորելու իրավունք։ Հինգ տոկոսանոց շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների» (11 տոկոս), «Միասնություն-Ազգային շարժումը» (10,16), «Ուժեղ Վրաստանը» (8,8) և «Գախարիան հանուն Վրաստանին» (7,76 տոկոս)։
News.am