Վրաստանի ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները. հաղթել է «Վրացական երազանքը»

Վրաստանի ԿԸՀ նախագահ Գեորգի Քալանդարիշվիլին ստորագրել է խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Փաստաթուղթն ընթերցել է ԿԸՀ քարտուղար Գեորգի Ջավախիշվիլին, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Վերջնական արդյունքների համաձայն՝ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93 տոկոսով և խորհրդարանում ստացել 89 մանդատ 150-ից։

Հինգ տոկոսանոց շեմը հաղթահարել են նաև.

«Կոալիցիա հանուն փոփոխությունների՝ 11,03%, 19 մանդատ, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,17%, 16 մանդատ, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81%, 14 մանդատ, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,78%, 12 մանդատ։

Ձայնի իրավունք ունեցող ավելի քան 3,5 մլն քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է ավելի քան 2,1 մլն մարդ։ Անվավեր են ճանաչվել մոտ 34,9 հազար ընտրաթերթիկներ։

Վրաստանի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն ամփոփել է աղմկալի բողոքի ցույցի ֆոնին և ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո։

Նիստն սկսվել է սկանդալով։ Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, «Ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիթ Կիրտաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ նախագահի վրա։ Նիստն ընդհատվել է մի քանի րոպեով։ Քալանդարիշվիլին նիստին հայտնվել է աչքին վիրակապով։ Կիրտաձեին նա անվանել է «հայտնի սադրիչ» և «չարիք»։

Նոր գումարման խորհրդարանը պետք է աշխատանքն սկսի արդյունքների ամփոփումից 10 օր հետո։ Ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները, չի պատրաստվում մտնել խորհրդարան և խոստանում է հրաժարվել մանդատներից։ Իշխանությունների ընդդիմախոսները մտադիր են խանգարել առաջին նիստի անցկացմանը։

Ընդդիմությունը խոսում է զանգվածային ընտրակեղծիքների մասին և պահանջում է նոր ընտրություններ անցկացնել։ Գլխավոր փաստարկներից մեկը քվեարկության գաղտնիքի խախտումն է թափանցիկ ընտրաթերթիկների պատճառով։ Տեղի հասարակական կազմակերպությունները և ընդդիմությունը փորձել են հասնել այն բանին, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն տեղամասերի 90 տոկոսում։ Ոչ ԿԸՀ-ն, ոչ դատարանները չեն բավարարել նրանց պահանջները։

News.am