ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական ներդրումային բանկի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նաև ընդգծվում է, որ այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև:

Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։

«Եվրոպական ներդրումային բանկի համաշխարհային ստորաբաժանումը (ԵՆԲ Գլոբալ) Հայաստանի հետ ստորագրել է շուրջ 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կարևորագույն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը համաֆինանսավորելու համար։ Այս նախագիծը կոչված է փոխելու իրերի դրությունը Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար՝ զգալիորեն բարելավելով տրանսպորտային կապը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև:

Այս ենթակառուցվածքի կլիմայակայուն հատվածը կնպաստի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը՝ ի հաշիվ ճանապարհորդության հեռավորությունների, տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերի և ճանապարհային պատահարների կրճատման: Ճանապարհային անվտանգության բարելավումը նախագծի հիմնական առանձնահատկություններից ևս մեկն է, որն ավելի անվտանգ և արագ երթուղիներ կառաջարկի ճանապարհորդներին և ապրանք փոխադրողներին: Նախագիծը կհեշտացնի մուտքը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներ և կնպաստի ՀՀ պակաս միակցված մարզի՝ Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- մանրամասն նշված է հաղորդագրության մեջ:

ԵՆԲ-ի փոխնախագահ, Հայաստանում բանկի գործունեության պատասխանատու Թերեզա Չերվինսկան նշել է, որ այս փոխակերպիչ ծրագիրը կդառնա տարածաշրջանի տրանսպորտային ցանցի հիմնական զարկերակը, որը Հայաստանին կապահովի դեպի գլոբալ շուկաներ ավելի լավ հասանելիությամբ և կօգնի ձևավորել ավելի փոխկապակցված և դիմակայուն ապագա։

«ԵՆԲ-ի և Հայաստանի միջև երբևէ ամենախոշոր ֆինանսական պայմանագիրն է։ Մենք ուրախ ենք աջակցել այս նախագծին, որը կնպաստի կայունությանը, կխթանի տնտեսական դիմակայունությունը և կամրապնդի կապը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև», - ասել է նա:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է.

«Այս ծրագիրը Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի (EIP) շրջանակներում «Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ իրականացվող աջակցության ևս մեկ օրինակ է։ Կլիմայի փոփոխության և ճանապարհային անվտանգության թիրախների նկատմամբ պատշաճ խոհեմությամբ կայուն ներդրումներ իրականացնելու նպատակով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում ֆինանսական միջոցների հետագա մոբիլիզացումն առանցքային սկզբունքներից է շարունակում մնալ՝ հաշվի առնելով, որ մենք մշակում ենք ԵՄ-Հայաստան գործընկերության նոր հավակնոտ օրակարգը»։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական աճի համար, կամրապնդի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային միակցվածությունը, կբարելավի տրանսպորտային անվտանգությունն ու արդյունավետությունը և վճռորոշ դեր կխաղա երկրի ենթակառուցվածքների զարգացման ավելի լայն նպատակների առումով:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երախտագիտություն է հայտնեց ԵՆԲ-ին՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագրին մասնակցելու համար.

«Այս ճանապարհահատվածը կարևոր մաս է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, որը նպատակ է հետապնդում ապահովել կայուն կապակցվածությունը և այսպիսով նաև համագործակցությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում»։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ որպես ԵՄ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) նախաձեռնության և Արևելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի դրոշակակիր նախագիծ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը կնպաստի տնտեսական աճին, տարածաշրջանային անվտանգությանը և շրջակա միջավայրի կայունությանը: Այն նաև կդառնա Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի առանցքային օղակը: