Վստահ եմ` մենք կլուծենք բոլոր հարցերը. Վորոբյովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանը և Հայաստանը կկարողանան լուծել առկա բոլոր խնդիրները։ Ճեպազրույցի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը՝ մեկնաբանելով երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրները:

 

Նրա խոսքով` Հայաստանում տեղի ունեցած միջխորհրդարանական հանձնաժողովների նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային, տնտեսական համագործակցության կարևոր հարցեր: Վորոբյովը նշեց, որ երկու ուղղություններն էլ շատ դրական են զարգանում, երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճում է։

«ՌԴ–ից Հայաստան ներդրումների ծավալը կազմում է մոտ 4 մլրդ դոլար։ Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն վստահ է զգում, Ռուսաստանում էլ` հայկական բիզնեսը»,– Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Վորոբյովը։

Նա ավելացրեց, որ տարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են Ռուսաստանի 70 շրջաններն ու Հայաստանի բոլոր մարզերը:

«Այլ բան է, որ այդ համագործակցությունը, մեր կարծիքով, այնքան էլ արդյունավետ չի օգտագործվում։ Համաձայնագրեր են ստորագրվել, բայց դրանք միշտ չէ, որ արդյունավետ են աշխատում։ Մեր խնդիրն է` պայմաններ ստեղծել այդ համաձայնագրերի շրջանակում տարածաշրջանների արդյունավետ համագործակցության համար»,– ընդգծեց Վորոբյովը։

Նրա խոսքով` հանդիպումը բավականին հաջող էր, կողմերը քննարկել են տարբեր հարցեր, բացել ռուսական կենտրոն:

«Ինչ վերաբերում է ապագային, ապա մենք հաջորդ տարվա համար ծրագրել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպում Սոչիում, որտեղ քննարկվելիք թեման Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80–ամյակն է լինելու»,– նշեց Վորոբյովը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստան այցելելու հրավեր է ստացել ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, և իրենք կնախապատրաստեն այցը:

Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17–19–ը կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38–րդ նիստի աշխատանքներին։