Հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի համար ստեղծել պայմաններ․ ԵԽ-ն անդրադարձել է Արցախին

Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն զեկույց է հրապարակել, որում գնահատվում է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված իրավիճակը և անդրադարձ կատարվում Լեռնային Ղարաբաղին։

Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար և ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ:

Զեկույցում Ադրբեջանին նաև կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական և մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից կառուցված պատմական և մշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման և ձևափոխման բոլոր մեղադրանքները:

Եվրոպայի խորհրդի փորձագետները կարծիք են հայտնել, որ «Ադրբեջանը բազմազգ է», և ազգային փոքրամասնությունների իրավունքներից օգտվելու հնարավորությունները պետք է բարելավվեն։

«Արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատությունների սահմանափակումները ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրենց իրավունքներն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունները սահմանափակում են»,- ասվում է զեկույցում։

Խորհրդատվական կոմիտեն իշխանություններին կոչ է արել զերծ մնալ և խստորեն դատապարտել անհանդուրժողականության և էթնիկ հայ համայնքին պատկանող անձանց նկատմամբ ատելություն տարածման ցանկացած դրսևորում՝ հաշտեցման գործընթացը դյուրացնելու նպատակով։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով ՀՀ է բռնի տեղահանվել 100 632 մարդ։

Armenia Today