Զարուհի ՆԱԽՇՔԱՐՅԱՆ․ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԻ ԵՆԹԱԴՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՒՄ

Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է։ Ընդ որում՝ գործել է շատ հաճախ՝ անկախ, շատ հաճախ՝ անկաշկանդ։ Կարգին դատական համակարգ դառնալու բոլոր միտումներն ի չիք են դարձել՝ Կարեն Անդրեասյանի անձնական ջանքերով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Հիշեցնենք, որ երեկ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀԿԿ նախագահ Սասուն խաչատրյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախագահ Գնել Սանոսյանը, իսկ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Ընդ որում, այս հրաժարականները հաջորդել են կառավարության նիստում Փաշինյանի կողմից՝ իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ հայտնած դժգոհությունից հետո, ինչը հաստատել են այսօր նաև ՔՊ-ական պատգամավորները։

Փաստացի Սահմանադրության ուժով՝ իշխանության երրորդ ճյուղ համարվող, դատական համակարգի անկախությունը երաշխավորող մարմնի ղեկավարը հրաժարական է տվել՝ կառավարության անդամների, օրինակ, Գնել Սանոսյանի հրաժարականին զուգահեռ։

«Դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման):

Նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր եմ դրել, որոնք եթե չապականվեն, ապա դատարան մտնող բոլոր մարդիկ մեկ-երկու տարուց կօգտվեն դրանց արդյունքներից: Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել: Որպեսզի հիմնավոր բացատրեմ, թե ինչու և ինչպես բեկվեցին բոլորի դրական ակնկալիքները դատական համակարգից, պետք է հատորներով գրեմ: Հրաժարականի տեքստը շատ քիչ է դրա համար»,- հայտարարել էր Կարեն Անդրեասյանը՝ հրաժարականի տեքստում։

Դիտարկմանը, որ գործադիրից անկախ համարվող ԲԴԽ ղեկավարը փաստացի հրաժարական է տվել՝ կառավարության մյուս անդամների հետ՝ Նախշքարյանը նկատեց՝ սա հիմավորում է, որ Կարեն Անդրեասյանը՝ որպես ԲԴԽ նախագահ՝ ուղղակիորեն ենթակայության տակ է գտնվել՝ երկրի վարչապետին։

«Սրանից ավելի լավ հիմնավորում, որ դատական համակարգն ամբողջությամբ ենթարկված է գործադիր մարմիններին և մասնավորապես մեկ անձի՝ հնարավոր չէ պատկերացնել։ Սա խայտառակություն է»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նախշքարյանն ընդգծեց, որ այն, ինչ արել է Կարեն Անդրեասյանն ի պաշտոնե՝ դատական համակարգի հետ՝ ինչ-որ անհասկանալի գովազդային պոպուլիստական ելույթների համատեքստում և ինչ կեպ է դա արել, դա ուղղակի ենթադրում է պատասխանատվություն, ինչը վրա է հասնելու օրերից մի օր։

«Հրաժարականն այս հարցում որևէ դերակատարում չունի։ Հրաժարականը չի ենթադրում՝ պատասխանատվությունից ազատում»,- նշեց Նախշքարյանը։

Դիտարկմանը, որ հենց Անդրեասյանի պաշտոնավարման ժամանակ մի շարք դատավորների լիազորություններ դադարեցվեցին, ընդ որում՝ ոչ միայն կարգապահական վարույթներով, այլև՝ չաթի արտահոսքի, Անդրեասյանի՝ պաշտոնավարման ժամանակ դատարանի ստվերային նախագահ ընտրելու աննախադեպ պրակտիկայի մասին տեղեկություններ եղան՝ Նախշքարյանը պատասխանեց՝ նշելով, որ այդ իրադարձություններից ոչ պակաս կարևոր են նաև այն բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով ինքը ենթարկեցրել է դատական իշխանությունը՝ գործադիրի կամքին։

«Սա՝ օրենսդրորեն, այսինքն՝ բաց ընթացակարգերով, իսկ թե ինչ կերպ է Ձեր կողմից հիշատակված կարգապահական վարույթները, գործընթացներն ի ցույց դրվել այլ դատավորներին ՝ որպես օրինակ, շարունակել այդ գործունեությունը․․․։ Սա ընթացող խնդիր էր իր համար, գուցե՝ առաքելություն, որն ինքն իրականացրեց»,- ասաց Նախշքարյանը։

Ինչ վերաբերում է «գործադրված ջանքերի արդյունքներին», որոնք կերևան տարիներ անց, ի վերջո՝ դրանք արդյունքներ են լինելու, թե՝ հետևանքներ, Նախշքարյանը նշեց, որ այն ջանքերը, որոնք Անդրեասյանը գործադրել է դատական համակարգը, անկախությունը քանդելու, վերացնելու ուղղությամբ՝ երևում են արդեն այսօր, ինչը կարող ենք արձանագրել։

Իզաբել Սահակյան, «Փաստինֆո»