Պատասխանե՞լ, թե՞ մինչև լույս սպասել. ով ինչպես է իմացել, որ պետք է հրաժարական գրի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկությունների վերաբերյալ իր որոշման մասին պաշտոնյաներին տեղեկացրել է «WhatsApp»–ի հաղորդագրությամբ, ինչն անակնկալի է բերել բոլորին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը զբոսնելիս է եղել, երբ ուշ գիշերով ստացել է այդ հաղորդագրությունը, բայց չի համարձակվել հետադարձ կապ հաստատել, պարզելու՝ չար կատա՞կ է, հարբած մարդու՝ պահի տակ ծագած զայրո՞ւյթ, թե՞ հեռախոսային «վիրուս»: Սակայն զանգել է մտերիմներին և հավաքել»,–գրում է լրատվամիջոցը` հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի` Բադասյանի մտերիմները մինչև ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը` փորձելով հասկանալ` ինչ է պետք անել`պատասխանե՞լ, թե՞ սպասել, մինչև լույսը բացվի։
«Հավաքին մասնակցել է նաև Փաշինյանի մյուս «զոհը»՝ ՔԿ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը: Ներկա են եղել Տիգրան Ավինյանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և այլք։ Ի դեպ, Ռուստամ Բադասյանը, Արգիշտի Քյարամյանն Ավինյանի ընկերներն են»,–գրում է «Հրապարակը»:
Աղմկահարույց պաշտոնանկությունների հետ կապված որոշ տեղեկություններ է հայտնել նաև «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը միջադեպից մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, բայց Փաշինյանը անձամբ չի պահանջել հրաժարականի դիմում գրել: Սանոսյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի ուշ է զանգահարել և տեղեկացրել, որ Փաշինյանը պահանջում է ինքնակամ ազատման դիմում գրել ու լուռ հեռանալ:
Թերթի տեղեկություններով` անորոշ վիճակում են հայտնվել Հայաստանի 10 մարզերի մարզպետները, որոնք այս ընթացքում հասցրել էին հարաբերություններ կառուցել Գնել Սանոսյանի հետ: Շատ մարզպետներ սպասում են, թե ով է լինելու նոր նախարարը և իրենցից ովքեր պետք է ազատման դիմումներ գրեն։
«Պաշտոնազրկածներից ոմանց, ըստ տեղեկությունների, Փաշինյանն անգործ չի թողնի: Որոշ կադրային «ռակիրովկաներ» կանի, որ չմեծացնի իր թշնամիների բանակը, հատկապես որ նրանք Փաշինյանի և իր ընտանիքի մասին ինֆորմացիայի կրողներ են»,– գրում է «Հրապարակը»։
Ըստ ԶԼՄ–ի` լուրեր կան, որ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՊՎԾ պետ, Ռոմանոս Պետրոսյանը կգնա ՊԵԿ ղեկավար կամ ՏԿԵ նախարար: ՏԿԵ նախարար, ՔՊ հնաբնակ Գնել Սանոսյանն էլ անպաշտոն չի մնա։ Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահի պաշտոնում կփոխարինի վճռաբեկի դատավոր Արթուր Աթաբեկյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ ՊԵԿ նախագահի թեկնածուների թվում շոշափվում են նաև ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ, նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի անունները:
Sputnik Արմենիա