Մեսրոպ Մանուկյան․ Արցախցիների համար տրանսպորտի հատուկ սակագին ինչո՞ւ չի սահմանվել
Երևանի ավագանու ընթացող նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման ֆոնին որոշակի խավերի համար արտոնություններ սահմանելու հարցը զեկուցող փոխքաղաքապետ սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ինչո՞ւ սահմանված չէ հատուկ սակագին։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հայտարարություններին՝ Մանուկյանը նկատեց. «Երբ պարոն Գալջյանն ասում է արտոնություն, զեղչ, հասկանում եմ, որ իրավաբանական հեռակա սովորել է, երևի չի սովորել, որ ավագանին հելնի երկինք, իջնի ներքև, չունի զեղչ, արտոնություն սահմանելու լիազորություն։ Այս դեպքում սա կոնկրետ սակագնի սահմանման փոփոխություն է, այսինքն, այս կատեգորիայի համար սահմանում եք ուրիշ գին։ Եվ մի փորձեք քաղաքացների վրա լավություն ծախել, ավագանին այդ լիազորությունը չունի: Նաև ինչու հատուկ սակագին չեք սահմանել ԵԿՄ անդամների համար»։
Ի պատասխան Սուրեն Գրիգորյանն ասաց. «Այդ պայմանագիրը ես արդեն վաղուց արձանագրել եմ, որ դուք կամ կարդում եք, չեք հասկանում այդտեղ ինչ է գրված կամ ամենայն հավանականությամբ միտումնավոր խեղաթյուրում եք, որովհետև օրինակ այդ նույն պայմանագրում պարզ գրված է, որ օպերատոր կազմակերպությունը իրավունք ունի ներգրավել գործընկերներ պայմանագրային իր պարտականությունների կատարման համար, բայց դուք համառորեն էլի շարունակում եք պնդել, որ այ կոնկրետ «Թելսել» ընկերությունը պահանջներին չի համապատասխանում:
Նոր 2021 թվականին արտադրված թարմ վալիդատորները համացանցում տարածում եք, որ դրանք արտադրությունից դուրս եկած են և այլ մանիպուլյացիաներ ու սուտ տեղեկություններ»:
Ինչ վերաբերում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին փոխքաղաքապետն ասաց. «Կենտրոնական իշխանությունը բազմաթիվ օգնության ծրագրեր իրականացրել է և իրականացվում է իրենց ուղղությամբ: Հաշվի առնելով, որ դուք այս արտոնությունների նախագծի մասին բավականին վաղուց եք իմացել և առնվազն դուք ինքներդ այդ առաջարկով հանդես չեք եկել, որպեսզի իրենց մասով քննարկումը իրականացվի, թույլ տվեք մի փոքր կասկածել ձեր այդքան մեծ անհանգստությանը, որ այդ խմբի մասով համապատասխան արտոնություններ չեն սահմանվում։
Իինչ վերաբերում է նրան, որ դուք փորձում եք ինչ-որ իրավաբանական մասնագիտական դատողություններ անելը ամենևին դրա մասնագիտական կրթությունը կարծես չունենալով, ևս մեկ անգամ ասեմ. խոսքը ոչ թե ձևի, այլ բովանդակության մասին է, և եթե նկատեցիք, ես այսօր իմ զեկույցում նշեցի բովանդակային առումով արտոնություններ կամ ավելի մատչելի փաթեթներ կոնկրետ խմբերի համար։
Ես վստահ եմ, որ թոշակառուներին, օրինակ, ոչ թե հետաքրքիր է դրա ձևակերպումը, այլ հետաքրքիր է արդյոք ինքը այս որոշման ընդունման պայմաններում հնարավորություն ունենալու է ավելի մատչելի երթևեկելու, քան նախատեսված է մարտի 12-ի որոշմամբ, թե չի ունենալու, վստահաբար ունենալու է»:
News.am