ԵՄ-ն առաքելություն կուղարկի Վրաստան՝ գնահատելու խորհրդարանական ընտրություններում խախտումները
Մենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին կհրավիրենք Վրաստան, որպեսզի նա անդամ երկրներին ներկայացնի ընտրախախտումների վերաբերյալ իր գնահատականը, ըստՎրաստանի Առաջին ալիքի՝ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
«Վերջին խորհրդարանական ընտրությունները Վրաստանում հաստատեցին երկրի ժողովրդավարական հետընթացը ներկայիս կառավարության օրոք։ Գործելով վրաց ժողովրդի դեմ՝ «Վրացական երազանքի» առաջնորդները երկիրը հեռացրին Եվրամիության ճանապարհից և երկրի՝ ԵՄ ճանապարհին գնալու նպատակից։ Մենք բոլորս մի բան ենք ցանկանում, որ Վրաստանը վերադառնա եվրոպական ուղի, իսկ դա ջանք է պահանջում։ Մենք առաքելություն կուղարկենք Վրաստան և կքննարկենք խախտումները։ Կառավարությունը պետք է վճռական փոփոխություններ կատարի: Վրաստանը չի կարող առաջ շարժվել առանց Եվրամիության հետ հարաբերություններում կոնկրետ փոփոխությունների:
Մենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին կհրավիրենք Վրաստան՝ անդամ երկրներին ընտրախախտումների վերաբերյալ իր գնահատականը ներկայացնելու համար։ Խորհրդի նիստ ենք հրավիրելու, որպեսզի անդամ երկրները իմանան, թե ինչի մասին է խոսքը, երբ խոսում ենք այս ընտրություններին առնչվող խախտումների մասին։
Եվ ես ուզում եմ վրացի ժողովրդին կրկնել այն, ինչ ասել եմ անցյալ տարի Վրաստան կատարած այցի ժամանակ. Եվրամիության դռները բաց են մնալու Վրաստանի համար, բայց Վրաստանի կառավարության կուրսը օրենքի գերակայությունը հարգելու և հիմնարար սկզբունքները պաշտպանելու առումով, ներառյալ այն, թե ինչպես պետք է անցկացվեն ընտրությունները, կազդեն նրա եվրաինտեգրման ծրագրի վրա»,-ընդգծել է Ժոզեպ Բորելը։
Պատասխանելով Վրաստան ԵՄ առաքելություն ուղարկելու մասին լրացուցիչ հարցին՝ Բորելը նշել է, որ առաքելությունը տեխնիկական բնույթ է կրելու։
«Դա տեխնիկական առաքելություն կլինի։ Տեխնիկական առաքելության նպատակն է վերլուծել իրավիճակը տեղում, թե ինչ է տեղի ունեցել ընտրություններում, և այդ տեղեկությունը պետք է լինի հետևողական»,-հայտարարել է Բորելը։
News.am