Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքը կրկին երկարաձգվեց
ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ներկայում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով: Որոշումն այսօր կայացվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում` դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ասատրյանի պաշտպան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանի վերջին որոշումից հետո իրենց համար ամեն ինչ պարզ է եղել։
«Մեզ համար ակնհայտ էր, որ Առաջին ատյանի դատարանը կաշկանդված է Վերաքննիչ դատարանի հայտնած դիրքորոշմամբ, այլ բան չի կարողանալու ասել, քան Վերաքննիչ դատարանը: Հետևաբար, Թորգոմ Ասատրյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը մեխանիկորեն երեք ամսով երկարաձգվելու էր», - ասաց Զաքարյանը։
Նշենք, որ ավելի վաղ առաջին ատյանի դատարանը տնային կալանք էր սահմանել Թորգոմ Ասատրյանի նկատմամբ, իսկ Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումն ու վճռել, որ Ասատրյանը պետք է նորից կալանավորվի:
Sputnik Արմենիա