Զելենսկի․ Եթե ԱՄՆ-ը կրճատի օգնությունը, կարծում եմ՝ մենք կպարտվենք պատերազմում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News ամերիկյան հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ եթե ԱՄՆ-ը նոր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք որոշի կրճատել ռազմական օգնությունն Ուկրաինային, ապա երկիրը, հավանաբար, կպարտվի պատերազմում։

«Եթե կրճատեն, ապա, կարծում եմ, մենք կպարտվենք։ Իհարկե, մենք ամեն դեպքում կշարունակենք պայքարել։ Մենք մեր արտադրությունն ունենք, բայց այն բավական չէ գերազանցություն ունենալու համար։ Եվ կարծում եմ, բավական չէ գոյատևելու համար,- ասել է Զելենսկին։- Բայց եթե այդպիսին լինի Ամերիկայի ընտրությունը, այդ ժամանակ մենք կորոշենք, թե ինչ անենք»։

Հարցին՝ հավատում է արդյոք, որ Թրամփը կկարողանա ազդել ՌԴ նախագահ Պուտինի վրա և կանգնեցնել պատերազմը, Զելենսկին հաստատական պատասխան է տվել վերապահումներով, փոխանցել է BBC-ն։

«Դա հեշտ չի լինի, բայց եթե կիրառվեն բոլոր [լծակները], որոնք ունի ԱՄՆ-ը, ապա այո, կկարողանա,- ասել է Զելենսկին։- Որովհետև նա շատ ավելի ուժեղ է Պուտինից։ ԱՄՆ-ը ավելի ուժեղ է։ Նրա տնտեսությունն ավելի ուժեղ է»։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը թե՛ ուժ ունի, թե՛ իշխանություն, թե՛ զենք,- շարունակել է Զելենսկին նույն միտքը մեկ այլ հարցի պատասխանում,- և նա կարող է իջեցնել էներգառեսուրսների գները։ Ի դեպ, ես մամուլում տեսել եմ ազդանշաններ նախագահ Թրամփից, որ նա մտածում է էներգառեսուրսների, նավթի գների իջեցման մասին, և դա պետք է անել»։

News.am