ԲՌՆԱՊԵՏՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԱԶԱՏ ՉԵՆ ԱՐՁԱԿՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՄՔՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
The Armenian Report-ի հրապարակած տեսանյութում հայտնի անձինք՝ մարդու իրավունքների պաշտպաններ, ակտիվիստներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ խոսում են COP29-ը հյուրընկալող Ադրբեջանի մասին և բարձրաձայնում այն խախտումների մասին, որն իրեն թույլ է տալիս այդ երկիրը: Նրանք պահանջում են ճնշում գործադրել էթնիկ զտում իրականացրած և քաղբանտարկյալներ ունեցող երկրի նկատմամբ:
Բանախոսների թվում են Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ջարեդ Գենսերը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ադրբեջանցի վտարանդի լրագրող և բլոգեր Մահամադ Միրզալին, հրատարակիչ և գրող Դելե Օլոջեդեն և այլք: Ստորև ներկայացվում են որոշ հատվածներ նրանց խոսքերից:
Free Armenian Prisoners թիմը թարգմանաբար ներկայացվում են հատվածներ տեսանյութից:
Մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ջարեդ Գենսեր. «Մենք բոլորս՝ որպես աշխարհի քաղաքացիներ, պետք է մեր ուշադրությունն ուղղենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա, որոնք իրականացվել են ոչ միայն Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ էթնիկ զտումների տեսքով, այլ նաև՝ Ադրբեջանում հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալների շարունակական բանտարկության առումով: Կասկած չկա, որ Իլհամ Ալիևը բռնապետ է։ ՄԱԿ-ի կողմից իսկապես ողբալի որոշում էր թույլ տալ Բաքվին և Ալիևին ընդունելու COP29 գագաթնաժողովը: ...Մենք պետք է հասկանաք, թե որոնք են աշխարհին հասանելի քաղաքական բոլոր տարբերակները՝ Ալիևի վրա տարբեր տեսակի ճնշումներ գործադրելու համար: Բռնապետները երբեք քաղբանտարկյալներին ազատ չեն արձակում սեփական կամքով։ Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում, երբ գիտակցում են, որ բախվելու են բացասական հետևանքների, եթե դա չանեն: Ուստի, մեր բոլորիս պարտականությունն է, ինչ դերակատարում էլ որ ունենանք, անել այն, ինչ կարող ենք՝ ճնշում գործադրելու Ալիևի վրա, ինչը կստիպի նրան փոխելու ուղղությունը»:
Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ Բարոնուհի Քերոլայն Քոքս. «Մենք գիտենք, որ Ադրբեջանն ապօրինաբար գերի է պահում շատ հայերի։ Նրանք ոչ մի հանցագործություն չեն կատարել, և կան Ղարաբաղից շատ հայտնի առաջնորդներ, որոնք ներկայումս Ադրբեջանում ճաղերի հետևում են, և դա մտահոգվելու շատ լուրջ պատճառ է։ Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը կարող է մի փոքր ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու այն մարդկանց, որոնց նա անօրինաբար պահում է գերության մեջ և, ակնհայտորեն, մեծ տառապանք է պատճառում»։
Ադրբեջանցի վտարանդի լրագրող և բլոգեր Մահամադ Միրզալի. «Ամոթալի է, որ եվրոպացի գործիչները շարունակում են գազ ստանալու դիմաց գործակցել Ադրբեջանի հետ և նրան համարել հուսալի գործընկեր: Ամոթանլի է, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սեղմում է Ալիևի ձեռքը, այն պարագայում, երբ Եվրոպայից Ադրբեջանին ուղղված մարդու իրավունքների հարգման բազմաթիվ կոչեր են հնչում: Շատ եվրոպացի առաջնորդներ, ինչպես օրինակ, Շառլ Միշելը, շնորհավորում է Ալիևին: Ինչո՞ւ է շնորհավորում. որ ավելի քան 300 ադրբեջանցի և բազմաթիվ հայ քաղբանտարկյալներ են պահո՞ւմ: Միշելը խոսում է այն մասին, թե ինչ է անում Ռուսաստանը Ուկրաինայում, մինչդեռ լռում է Ադրբեջանի բռնարարքների մասին»: