Հայտնի է, թե ովքեր են Քյարամյանին դիմել Աղազարյանի որդու քրգործով
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր որդու ներկրած ավտոմեքենաները արգելանքից հանելու հարցով երկու անգամ դիմել է ՀՀ քննչական կոմիտե։ Աղազարյանը առաջին անգամ դիմել է անձամբ գործը վարող քննիչին, երկրորդ անգամ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր հավաստի աղբյուրներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ Այս հարցն ավելի զայրացրեց ՔՊ–ական պատգամավորին։
«Գործը քննող քննիչը Աղազարյանի դիմումը փոխանցել է իր վերադասին, վերադասը հայտնել է Արգիշտի Քյարամյանին, իսկ Քյարամյանն էլ մերժել է: Այվազյանը նույնպես դիմումի մասին տեղյակ է պահել Արգիշտի Քյարամյանին ու ստացել մերժում»,–գրում է թերթը:
Հովիկ Աղազարյանը փորձել է Արգիշտի Քյարամյանին համոզել, որ իր որդու` արգելանքի տակ գտնվող մեքենաները հանեն կալանքից:
Հիշեցնենք` ԱԺ լսումներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում Հովիկ Աղազարյանի դեմ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ մամուլում պարբերաբար լուրեր են տարածվում, որ Աղազարյանը շուտով մանդատը վայր է դնելու։ Հովիկ Աղազայանն իր հերթին նշել է, որ կարգապահական վարույթի քննությունից հետո միայն կպարզվի ամեն ինչ։
Sputnik Արմենիա