Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից` մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները։

Ավելի վաղ Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր, որ Հայաստանից և Ադրբեջանի ջրաբանների խումբ է աշխատում անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի ստեղծման ուղղությամբ։

ԱԳՆ–ից հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ ոլորտում պաշտոնական համագործակցություն չկա։

«ՀՀ ԱԳ նախարարության տեղեկությունների համաձայն` թեմայի շուրջ շփումներ տեղի են ունեցել երկու պետությունների հասարակական կազմակերպությունների միջև», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հավելել են նաև, որ ՀՀ–ն իրականացնում է միջազգային և տարածաշրջանային համագործակցություն շրջակա միջավայրի պաշտպանության, այդ թվում` ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում շահագրգիռ երկրների հետ, որոնք հանձնառու են բարեխիղճ և կառուցողական կերպով իրագործելու միջազգային իրավունքից, այդ թվում` բնապահպանական կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունները։

Մասնավորապես, Հայաստանն արդյունավետ կերպով համագործակցում է հարևան Վրաստանի, Իրանի, ինչպես նաև Թուրքիայի հետ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։