ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող պետական աջակցությունը կկրճատվի
ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք սոցիալական աջակցության ծրագրերից կօգտվեն մինչև 2025 թ–ի վերջը։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2023 թ. հոկտեմբերից մեկնարկել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու` 40+10 հազար դրամ աջակցության միջոցառումը, որը կշարունակվի նաև մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը ներառյալ։
«Բացի այդ, ամբողջ 2025 թվականի հաստատվել է նորացված աջակցության ծրագիր, որով եկող տարվա ընթացքում աստիճանաբար կնվազեցվի ընդհանրական բնույթի աջակցությունը, սակայն կբարձրացնենք աջակցության հասցեականությունը` շեշտելով հատուկ թիրախային խմբերին»,– հայտարարեց նախարարը։
Նա մանրամասնեց, որ 2025 թ. հունվար–մարտ ամիսներին ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց դրամական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ։ Նախարարի խոսքով` նրանք, ովքեր ունեն անշարժ գույք (նրանց թիվը 4 899 է), կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազար դրամները չեն ստանա։
2025 թ. ապրիլ–հունիսին 40 հազար դրամ աջակցություն կստանան բռնի տեղահանված առանձին խմբերի անձինք` մինչև 18 տարեկան երեխաները, պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած երեխաները, 63 և ավելի տարիք ունեցող անձինք, կերակրողին կորցրածները, 1–ին և 2–րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք։
2025 թ. հուլիս–դեկտեմբեր այս խմբերը կշարունակեն աջակցություն ստանալ, սակայն 30 հազարի չափով։
Մկրտչյանը տեղեկացրեց, որ18–60 տարեկան 25 հազարից ավելի տեղահանվածներ ՀՀ–ում անցել է աշխատանքի կամ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Նախարարի խոսքով` 13 ամսվա ընթացքում աջակցության ծրագրերի համար ՀՀ պետական բյուջեից ավելի քան 75 մլրդ 300 մլն դրամ է ծախսվել։
Sputnik Արմենիա