ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՏԻՊԵԼ ԱԼԻԵՎԻՆ ԼՍԵԼ ԻՐԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պաշտոնական Երևանի տապալված աշխարհաքաղաքական նախաձեռնությունների շղթա
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը շարունակում է գոյատևել մշտական փորձարկումների վիճակում: Հայաստանի ապագայի վերաբերյալ մշտապես առաջարկներ են արվում տարբեր դերակատարների կողմից (Ադրբեջանի ղեկավարությունից մինչև Երևանի արտաքին քաղաքական գործընկերներ), սակայն դա կլիներ «դժբախտության կեսը»: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ իշխանություններն էլ «սովորություն ունեն» փորձարկումներ կատարել:
Այսօր հայկական թերթերից մեկում լուր հայտնվեց այն մասին, որ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական առաջարկով։ Փաշինյանը առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստորագրել երկրների միջև «խաղաղության պայմանագիր», ներառելով դրանում կետ, որով կսահմանվի, որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում «ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո»:
Նման առաջարկով Փաշինյանը փորձեց մի կողմից բավարարել Բաքվի պահանջը ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, մյուս կողմից փորձեց հասնել իրեն անհրաժեշտ որևէ փաստաթղթի ստորագրմանը, որը երկրի ներսում կարելի կլինի ներկայացնել որպես «խաղաղության պայմանագիր»: Իլհամ Ալիևը կանխատեսելիորեն մերժեց այս առաջարկը, ինչը վկայում է այն մասին, որ Փաշինյանի հերթական քաղաքական փորձարկումը, հերթական աշխարհաքաղաքական նախաձեռնությունը ձախողվեց:
Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք պաշտոնական Երևանի մի շարք ձախողված աշխարհաքաղաքական նախաձեռնությունների հետ, որոնք վտանգի տակ են դնում ՀՀ անվտանգությունը: Որո՞նք են այդ նախաձեռնությունները.
1. 2022 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային հանրությունը կապահովի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնսոլիդացիա, եթե Երևանը նվազեցնի Արցախի կարգավիճակի հարցում սպասելիքների նշաձողը: Նախաձեռնությունը ձախողվեց։ Պրահայում Փաշինյանը հանձնեց Արցախը Ադրբեջանին, 2023 թվականի աշնանը թույլ տվեց Արցախում էթնիկ զտումներ, սակայն Բաքուն չճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ միջազգային հանրությունը չհամախմբվեց ոչ Հայաստանի, ոչ էլ առավել ևս Արցախի շուրջ:
2. Նիկոլ Փաշինյանը և կառավարության աշխատակազմը բազմիցս «դիվանագիտական խողովակներով» առաջարկել են Ադրբեջանի նախագահի վարչակազմին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի երկկողմ հետաքննության մեխանիզմ։ Նախաձեռնությունը ձախողվել է, և Բաքուն մինչ օրս ոչ միայն հրաժարվում է իրականացնել Փաշինյանի առաջարկը, այլև սահմանին իրավիճակի յուրաքանչյուր սրման դեպքում շարունակում է մեղադրել Երևանին էսկալացիայի մեջ:
3. 2024 թվականի սկզբին Նիկոլ Փաշինյանը առաջարկեց Ադրբեջանին ստորագրել «չհարձակման պակտ»։ Եվ կրկին ձախողում։ Բաքուն դրական չարձագանքեց այս առաջարկին։ Ավելին, չհրաժարվեց սահմանային միջադեպեր հրահրելու պրակտիկայից՝ դրանցում մեղադրելով Երևանին, ինչպես նաև շարունակում է ակտիվորեն զինվել (2025 թվականին Ադրբեջանի պաշտպանության վրա ուղղված ծախսերը կգերազանցեն 4,9 միլիարդ դոլարը):
4. 2024 թվականի վերջին Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «ռազմավարական գործարք» կնքելու անհրաժեշտության մասին՝ խաղաղ գոյակցության համար առաջիկա դարերում, որը կլրացներ խաղաղության պայմանագիրը: Նախաձեռնությունը ձախողվեց։ Բաքուն ոչ միայն չընդառաջեց Երևանի առաջարկներին, այլև նոր հայցերով դիմեց Հաագայի դատարան։
Աշխարհաքաղաքական նախաձեռնությունների շղթա… Մնում է միայն տեսնել ու հասկանալ, թե որքան կբավականացնի հայկական պետության ամրության պաշարը՝ դիմակայելու և՛ Ադրբեջանին, և՛ Փաշինյանի փորձարկումներին: Հենց ամրության, քանի որ ֆիզիկական խորությունը գրեթե զրոյացավ այն բանից հետո, երբ Փաշինյանը հանձնեց Արցախը:
Մտածե՛ք այդ մասին…»։