ՆԶՈՎՅԱԼ ՆԿԱՐՆԵՐ. ԷԴՎԱՐԴ ՄՈՒՆԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ
Նզովյալ նկարների պատմությունները շրջանառվել են դարեր շարունակ, և մենք սիրում ենք այս պատմությունները, քանի որ դրանք ենթադրում են, որ ստեղծագործական գործընթացը կարող է անդրշխարհիկ ինչ-որ բան արթնացնել: Արդյո՞ք արվեստի որոշ գործեր չար էներգիա են պարունակում. էներգիա, որը հանդես է գալիս առեղծվածային կերպով՝ վնասելով նրանց, ովքեր շփվում են արվեստի այդ գործերի հետ։ Դա հաստատապես պարզելու ոչ մի միջոց չկա, թեպետ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում կան բազմաթիվ նկարներ, որոնք, ըստ ասեկոսեների, անիծված են, բնակեցված անհանգիստ ոգիներով կամ չար էներգիայով համակված, գրում է Observer պարբերականը։
Երբեմն նման նկարի սոսկ տպագիր տարբերակը կամ նույնիսկ լուսանկարը դիտելը կարող է գերբնական երևույթներ հրահրել: Նրանք, ովքեր հավատում են դրան, ընդունում են, որ նկարչի հուզական ուժը կամ իրենց օբյեկտի ապրումների ինտենսիվությունը կարող են անջնջելի և չարագուշակ հետք թողնել ստեղծագործության վրա: Հաճախ այդ հետքը թողնում են նկարչի անձնական տվայտանքները։
Ինչպես ուրվականների պատմությունները, այն գաղափարը, որ նկարը կարող է անեծք պարունակել, ազդում է մահվան և անհայտի հանդեպ մեր հավաքական վախի վրա: Ահավասիկ նկարներ, որոնք դարձել են ինչպես՝ հմայքի, այնպես էլ՝ վախի առարկաներ՝ գրավելով արվեստի աշխարհի մութ կողմը հակվողներին:
Էդվարդ Մունկի «Մահացած մայրը»
Մունկը պատրաստակամորեն խոստովանել է, որ իր մռայլ աշխատանքը բնույթով անհատական է. «Ես նկարում եմ ոչ թե այն, ինչ տեսնում եմ, այլ այն, ինչ տեսել եմ»,- գրել է նա այնպիսի ստեղծագործությունների մասին, ինչպիսին է, օրինակ, «Մահը հիվանդի սենյակում» կտավը:
Առանձնապես խռովահույզ համբավ ունի Մունկի նկարը, որտեղ երեխան կանգնած է իր մահացած մոր առջև, որը երկիմաստ վերնագրված է «Մահացած մայրը»:
Կտավը 1918 թվականից պահվում էր Բրեմենյան պատկերասրահի (Kunsthalle Bremen) հավաքածուում, բայց ստեղծագործության նախկին սեփականատերերը հայտնել էին, որ երեխայի աչքերը կարծես հետևում են իրենց, և նրանք նկարից սավանի սոսափյունի կամ շշուկների ձայն էին լսում։ Իսկ երբեմն էլ, ըստ ասեկոսեների, աղջիկն անհետանում է կտավից։
Ջովաննի Բրագոլինի «Լացող տղան»
Իտալացի նկարիչ Ջովաննի Բրագոլինի (հայտնի է նաև Բրունո Ամադիո անունով) ներկայում այս տխրահռչակ նկարն այդպիսին դարձավ 1980-ականներին՝ դրա շուրջ ենթադրյալ անեծքի և լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի պատճառով: Նկարի վերարտադրումները, որոնք լացող երեխաներին պատկերող ակնհայտորեն տարօրինակ շարքի մի մասն են, զանգվածաբար արտադրվել և լայնորեն վաճառվել են Մեծ Բրիտանիայում:
Մի շարք առեղծվածային հրդեհների հերթագայությունից հետո, երբ տներն իսպառ այրվել են, բայց «Լացող տղան» կտավի վերարտադրությունը մոխրի մեջ են գտել միանգամայն անվնաս վիճակում, ոմանք սկսել են հավատալ, որ դրանք կամ անհաջողություն են բերում, կամ նույնիսկ հրդեհների պատճառ են դարձել:
Պատմում են, որ հրշեջները նույնիսկ խորհուրդ էին տալիս մարդկանց իրենց տներից հեռացնել այդ կտավի վերարտադրությունը: Հետագայում Building Research Establishment-ի անցկացված հետաքննությունը պարզել է, որ վերարտադրությունները մշակվել են բարձր արդյունավետ հրդեհավտանգող նյութ պարունակող լաքով, ընդսմին, լեգենդը դեռ պահպանվում է, և նկարը շարունակում է զուգորդվել անբացատրելի աղետների հետ:
Արշիլ Գորկու կտավները
Հայոց ցեղասպանությունը վերապրած շատերի համար նկարիչ Արշիլ Գորկու արվեստը խորհրդանշում է իրենց վերապրած կորուստը և միաժամանակ նույնականության զգացում է հաղորդում: Եվ նրա աշխատանքները առաջվա պես բավական մեծ ժողովրդականություն են վայելում. այս տարվա սկզբին, Լոնդոնի Frieze շաբաթվա ընթացքում, Արշիլ Գորկու կտավը վաճառվեց 8,5 միլիոն դոլարով:
Բայց խոսակցություններ կան, որ Գորկու նկարներն անիծված են, քանի որ դրանցից շատերը խռովահույզ միջադեպերի են առնչվում, մասնավորապես՝ պատերից պոկվող--ընկող արվեստի գործերը, պատկերասրահների բոցավառվելը և կապույտ վերարկուով ու սև մազերով առեղծվածային ուրվականի հայտնվելը:
Արշիլ Գորկու աշխատանքին առնչվող ամենասահռմկեցուցիչ իրադարձությունը տեղի է ունեցել 1962 թվականին, երբ American Airlines-ի համար 1 չվերթի ինքնաթիռը վթարի ենթարկվեց թռիչքից երկու րոպե անց, զոհվեցին բոլոր ութսունյոթ ուղևորները, և ոչնչացան նկարչի կտավներից տասնհինգը:
Բիլ Սթոունհեմի The Hands Resist Him-ը
Հաճախ «eBay-ի ուրվականների նկար» կոչվող այս սյուրռեալիստական աշխատանքը ստեղծել է Սթոունհեմը 1972 թվականին: Նկարն արվեստի ամենասարսափելի գործերից մեկի համբավն ունի:
Նկարում պատկերված է մի տղա, որը կանգնած է ապակեպատ դռան առջև՝ տիկնիկի կողքին, մինչդեռ տարօրինակ անմարմին ձեռքերը սեղմում են դրանց հետևի ապակին: Նկարիչը պարզաբանել է, որ նկարը պատկերում է իրականության և մեր երազանքների միջև եղած անջրպետը, սակայն, հակառակ իր բարերար գեղարվեստական մտահղացմանը, կտավը, որը վաճառվել էր eBay-ում 2000-ականների սկզբին, պարանորմալ երևույթներին առնչվող տխրահռչակ համբավ ձեռք բերեց:
Վաճառողը պնդում էր, որ նկարը մղձավանջներ է հարուցել, և որ նկարի կերպարները գիշերները շարժվում են։ Ոմանք էլ հայտնել են, որ տղան և տիկնիկն անհետացել են կտավից, կամ որ ապակու հետևում գտնվող ձեռքերը շարժվել կամ առաջ են պարզվել: Նույնիսկ նկարը առցանց դիտելն, ըստ ամենայնի, մարդկանց մեջ տարօրինակ զգացողություններ է առաջացնում, և պատմությունները, որ նկարն անհաջողություն բերում և տեխնիկայի աշխատանքում խափանումների հանգեցնում, հասարակության մեջ լայն տարածում գտան: Ըստ որոշ ասեկոսեների՝ նկարը ինչպես պատկերասրահի սեփականատիրոջ, այնպես էլ նկարը գրախոսած առաջին արվեստաբանի մահվան պատճառ է դարձել: