Անկարան կոչ է արել Երևանին և Բաքվին բաց չթողնել խաղաղության «պատմական հնարավորությունը»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության «պատմական հնարավորությունը»։

Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ Ֆիդանը հայտարարել է, որ Հարավային Կովկասը խաղաղությանը մոտ է, քան երբևէ:

«Մենք ամենաբարձր մակարդակով պահպանում ենք երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ և համատեղ ջանքեր ենք գործադրում բազմաթիվ միջազգային հարցերի լուծման համար։ Մենք ողջունում ենք Հայաստանի ընտրությունը հօգուտ խաղաղության և կայունության և կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը», – նշել է նա։

Ֆիդանը հիշեցրել է, որ երկարատև դադարից հետո առաջին անգամ կողմերը Ստամբուլում հանդիպում են անցկացրել առանց միջնորդների և երրորդ կողմի:

«Հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» հարթակի նիստում քննարկել ենք տարածաշրջանային բոլոր հարցերը։ Երբ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն գա, կլուծվեն ոչ միայն հումանիտար հարցերը, այլև առևտրի, փոխգործակցության և զարգացման համար կստեղծվեն պայմաններ», - եզրափակել է նա։

Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Հայաստանի հետ բանակցությունները կվերսկսեն այս տարվա դեկտեմբերին կամ արդեն հաջորդ տարվա սկզբին: Այնուհետև՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմերը մոտ են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման փոխադարձ ընդունելի որոշմանը: Նա նաև հայտնեց, որ Երևաննը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկների վերջին փաթեթին։ Խոսքը դեռևս չհամաձայնեցված մնացած երեք կետերի վերաբերյալ առաջարկների մասին է։

Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ Երևանն առաջարկում է Բաքվին մոտ ժամանակներս (վերջին անգամ խոսքը վերաբերում էր նոյեմբերին - խմբ.) ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Բաքուն մերժել է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ վիճելի հարցերը չեն կարող դուրս մնալ փաստաթղթից։

Sputnik Արմենիա